ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 2-ին, հանդիպում է կազմակերպել ազգային փոքրամասնությունների հետ հանդիպումը: Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ այն, որ ընտրությունների ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը սահմանադրական իրավունքն է, սակայն Ընտրական օրենսգրքում այդ դրույթի իրացումն այնքան էլ դրական արձագանք չունի:
Իոաննիսյանը ազգային փոքրամասնությունների ներգրավվածության մի քանի տարբերակ առաջարկեց. « Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է, որ ազգային փոքրամասնությունների համար քվոտաներ նախատեսվեն կուսակցությունների համամասնական ցուցակներում: Այդ դեպքում՝ պետք է քննարկվի, թե դա ինչպիսի քվոտա է, այսինքն ամեն որերո՞րդ համարը պետք է լինի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ:
Մյուս տարբերակով կուսակցությունները կունենան երկրորդ ցուցակ՝ ազգային փոքրամասնությունների ցուցակ, որտեղ կլինեն 4 բաժին ամենամեծ ազգային փոքրամասնությունների համար, այսինքն եզդիներ, ռուսներ, քրդեր եւ ասորիներ: Բայց տեղերի բաշխումը տեղի ունենա ոչ թե այնպես, ինչպես գործող ընտրական օրենսգրքով է, այլ հետեւյալ կերպ. ասենք եզդիական տեղի համար ընտրված կհամարվի այն կուսակցության եզդի թեկնածուն, որը հենց եզդիներով առավելապես բնակեցված ընտրական տեղամասերում կհաղթի: Իսկ ասորական տեղի համար կանցնի այն կուսակցության ասորի թեկնածուն, որն առավելապես ասորիներով բնակեցված ընտրական տեղամասերում կհաղթի»,-հայտարարեց հանձնաժողովի քարտուղարը:
Նա նկատեց, որ եթե ընտրություններն անցկացվեն փակ համամասնական ցուցակներով, ապա լուծվում է նաեւ լեզվի հարցը, քանի որ այլեւս անունների քվեարկություն չի լինելու եւ հայերենին չտիրապետող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ ընտրողին բավարար կլինի հիշել միայն իր գերադասած կուսակցության համարը:
«Կարելի է ԿԸՀ-ի հետ քննարկել եւս մեկ տարբերակ, որ առավելապես ազգային փոքրամասնության ներկայացուցիչներով բնակեցված տարածքներում տեղեկատվական պաստառները լինեն նաեւ նրանց լեզվով»,-հայտարարեց Իոաննիսյանը:
Քննարկման մասնակիցներից մեկը նշեց, որ նախընտրելի է ազգային փոքրամասնություններին ներառել կուսակցական ցուցակներում, ոչ թե առանձին ցուցակներ կազմել, քանի որ դա հնարավորություն կտա այդ փոքրամասնությունների մեջ բարձրացնել քաղաքական ակտիվությունը: Նշվեց նաեւ, որ կուսակցական ցուցակներում պետք է ընդգրկել ոչ միայն ամենամեծ 4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, այլ բոլորին, քանի որ դա եւս խտրականության դրսեւորում է:





























