ՀՅԴ-ն կողմնակից է 100 տոկոս համամասնական ընտրակարգին, բայց մենք կարծում ենք, որ համամասնական ցուցակը պետք է լինի բաց, ոչ թե փակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ անդրադառնալով վարչապետին կից ստեղծված Ընտրական օրենսդրության բարեփոխման հանձնաժողովի նիստում ընդունված որոշումներին, ըստ որի առաջարկվում է 100 տոկոս համամասնական փակ ցուցակներով ընտրություն, ինչպես նաեւ անցողիկ շեմը կուսակցությունների համար նվազեցնել 5-ից 4 տոկոսի, իսկ դաշինքների համար՝ 7 տոկոսից 6 տոկոսի:
Նրա խոսքով, բաց համամասնական ցուցակների դեպքում ընտրողը հնարավորություն կունենա իր քվեով ազդել ցուցակի դասավորության վրա:
Հարցին, թե դա ՀՅԴ-ի համար սկզբունքայի՞ն հարց է, թե հնարավոր է զիջման գնա բանակցությունների ժամանակ, Արսեն Համբարձումյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ քննարկումների արդյունքները ցույց կտան, որովհետեւ շատ կարեւոր է, որ քաղաքական ուժերի քննարկումների արդյունքում հնարավորինս կոնսենսուս ձեւավորվի ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված հարցերում:
Այսօրվա իրողությունները հաշվի առնելով կարծում ենք, որ ճիշտը բաց ցուցակն է, որն ավելի ժողովրդավարական է, նաեւ կուսակցությունների ներսում ռեյտինգավորման խնդիրը այդկերպ հնարավոր է լուծել: Այն փաստարկները, որ շրջաններից մարդկանց ներգրավման հարց կա, դրա հետ կապված մտահոգությունները այդկերպ հնարավոր է փարատել»,-ասաց Համբարձումյանը:
Ինչ վերաբերում է անցողիկ շեմն իջեցնելուն, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց, որ իրենց առաջարկությունների փաթեթում նման կետ առհասարակ չկա. «Կարծում եմ, որ կհամաձայնենք այն մոտեցումներին, որը ընդունելի կլինի բոլորի համար»:
Անդրադառնալով ընտրությունների անցկացման ժամկետներին, Արսեն Համբարձումյանն ասաց, որ նախընտրելի ժամկետներ որպես այդպիսին չունեն. «Կարծում եմ՝ գործընթացներն ուղղակի պետք է գնան տրամաբանական զարգացումների շրջանակներում եւ ըստ այդմ կերեւա, թե որն է ողջամիտ ժամկետը:
Պետք չի ի սկզբանե ունենալ ընտրությունների կոնկրետ ժամկետ եւ հետո փորձել բոլոր գործընթացները տեղավորել այդ ժամկետի մեջ: Պետք է հակառակ տրամաբանությամբ մոտենալ, այսինքն ի՞նչ է պետք անել, ինչ քայլեր, գործողություններ, որ մենք մենք արտահերթ ընտրություններին գնանք լիարժեք պատրաստ»:
Նա նկատեց, որ այս պահին ողջամիտ երկու տարբերակ կարելի է դիտարկել. «Դա այս տարվա նոյեմբերն է եւ եկող տարի գարունը, բայց թե ինչ որոշում կկայացվի, ժամանակը ցույց կտա»:
Նշենք, որ համամասնական փակ ցուցակներով ընտրակարգին դեմ է նաեւ ՀՀԿ-ն: Մասնավորապես, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ փակ ցուցակների կարգը, երբ կուսակցության վերնախավը որոշում է, թե ինչ հերթականությամբ են ընտրվելու պատգամավորների թեկնածուները, իրականում պակաս ժողովրդավար է համարվում այն համակարգերից, երբ ժողովուրդն իր ձայնով որոշում է, թե կոնկրետ կուսակցության որ քաղաքական գործիչները պետք է ընտրվեն պատգամավոր. «Սա առաջին լուրջ թերությունն է, որը, որպես կանոն, նվազեցնում է ժողովրդավարության աստիճանը, որովհետև դառնում է կուսակցության վերնախավի միանձնյա որոշումը»:
Բացի այդ, ըստ նրա, ռեյտինգային ընտրակարգից հրաժարումը հանգեցնելու է «երևանակենտրոն» ընտրությունների: «Տարածքային բաց ցուցակների պարագայում յուրաքանչյուր ընտրող գիտի, թե իր տարածքն ով է ներկայացնում խորհրդարանում, ով է այն պատգամավորը, ում ինքը պետք է դիմի իր հարցերով, հորդորներով»:
Ինչ վերաբերում է անցողիկ շեմն իջեցնելուն, Դավիթ Հարությունյանը նշել է. «մենք դեռևս գտնվում ենք քաղաքական զարգացման այն փուլում, երբ մեզ անհրաժեշտ է թեկուզ մի քանի կայացած կուսակցություն ունենալ, ու նոր դրանից հետո անդրադառնալ այդ հարցին»:





























