Ճապոնիայի Կյուսյու կղզու 4 պրեֆեկտուրաների իշխանությունները հրահանգել են 38 հազար մարդու տարհանվել «Պրապիրուն» թայֆունի ազդեցության պատճառով, որին Ճապոնիայում տրվել է հերթական 7 համարը, հայտնում է NHK-ն:

Հրահանգը տարածվում է Կագոսիմա, Կումամոտո, Ֆուկուոկա եւ Միյաձակի պրեֆեկտուրաների բնակիչների վրա:

Թայֆունը Ճապոնական արշիպելագը շրջանցում է Ճապոնական ծովի կողմից: Դրա շարժումն ուղեկցվում է տեղատարափ անձրեւով ու փոթորկոտ քամով: Օկինավա պրեֆեկտուրայում գրանցվել է 3 ժամում 184 մմ տեղում: Երկրի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը համարում է, որ սա վերջին 50 տարում ամենաուժեղ անձրեւն է:

Ներկայումս թայֆունի կենտրոնում ճնշումը կազմում է 960 հեկտոպասկել, քամու արագությունը կենտրոնում հասնում է վայրկյանում 35 մետրի, ուժգնացման ժամանակ՝ մինչեւ 50:

Օդերեւութաբանները նախազգուշացնում են սողանքների աճող վտանգի եւ գետերի վարարման մասին՝ բնակչությանը կոչ անելով առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ: