Հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի դեմ մահափորձի 4 ամսվա հետաքննությունից հետո Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն այս գործով 2 կասկածյալի է գտել, հայտնում է The Sun պարբերականը՝ վկայակոչելով Սքոթլանդ Յարդում աղբյուրին:
Ըստ պնդումների՝ կասկածյալները մահափորձը կատարելուց հետո 24 ժամվա ընթացքում Մեծ Բրիտանիայից հեռացել են եւ այժմ գտնվում են Ռուսաստանում: Աղբյուրի խոսքով՝ բրիտանական ոստիկանությունը այս բացահայտումը գնահատում է որպես «մեծ առաջընթաց» գործում:
«Միշտ վերջնանպատակն այն է, որ նրանք կանգնեն դատարանի առջեւ: Իհարկե, եթե նրանք այլեւս Մեծ Բրիտանիայում չեն, ապա դա խնդիրն ավելի է դժվարացնում»,- ասել է աղբյուրը:
Սքոթլանդ Յարդից այս տեղեկությունը չեն մեկնաբանել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի հարաբերությունները կտրուկ սրվեցին բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի ֆոնին, որտեղ թունավորվել էին բրիտանական հատուկ ծառայությունների համար աշխատող ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան: Բրիտանական կողմը միջադեպի համար մեղադրում է ռուսական պետությանը: Ռուսաստանը դա կտրականապես հերքում է:
Սկանդալի հետեւանքով Բրիտանիան եւ մի շարք երկրներ որոշում էին ընդունել ընդհանուր առմամբ 100 ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու մասին: Մոսկվան պատասխան միջոցներ էր ձեռնարկել:




























