ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, այնուամենայնիվ, կհանդիպի Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին, չնայած դիմադրությանը, բողոքներին եւ դժգոհությանը: Ինչպես նշում է AP-ն, Թրամփը կդառնա ԱՄՆ 12-րդ նախագահը, ում հետ թագուհին հանդիպել է:

Գործակալությունը նշում է, որ նախագահական ոչ մի այլ հանդիպում Բրիտանիայում դիմադրության ու վեճերի նույնպիսի մակարդակ չի ունեցել, որքան Թրամփի այցը:

Երկրի վարչապետ Թերեզա Մեյը նախապես Թրամփին հրավիրել էր պետական այցով: Նախկինում ԱՄՆ միայն 2 նախագահ են Լոնդոն այցելել պետական այցով՝ Բարաք Օբաման եւ Ջորջ Բուշը: Թրամփի այցն իջեցված է աշխատանքային մակարդակի, այդուհանդերձ նա կհանդիպի Բրիտանիայի թագուհուն, չնայած մեծ թվով օրենսդիրներ կոչ են արել ընդհանրապես Թրամփին թույլ չտալ երկիր մտնել:

Անցյալ տարի նրան հրավիրելուց հետո ավելի քան 1,86 մլն մարդ միջնորդագիր է ստորագրել այն մասին, որ Թրամփը չպետք է պետական այցով Բրիտանիա այցելի, քանի որ դա կարող է թագուհուն անհանգստություն պատճառել:

Նշենք, որ Թրամփի այցի օրերին Լոնդոնում բողոքի ակցիաներ են անցկացվելու: