Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 27-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բուլղարիայի դեսպան Թոդոր Ստայկովի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` պաշտոնավարման ընթացքում երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ու բարեկամությանն ուղղված ջանքերի համար:
Նա գոհունակությամբ է խոսել հայ-բուլղարական առեւտրատնտեսական կապերի եւ երկու երկրների միջեւ այդ ոլորտում արձանագրված ցուցանիշների մասին, որոնք, նախագահի հավաստմամբ, բարձրացել են` գրեթե հասնելով մինչճգնաժամային մակարդակին:
Երկուստեք նշվել է, որ հաջողությամբ զարգանում են հարաբերությունները հումանիտար ոլորտում, Հայաստանը եւ Բուլղարիան լավագույնս համագործակցում են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Թոդոր Ստայկովին` նրա հետագա գործունեության մեջ եւ նշել, որ Հայաստանում միշտ ուրախ են հյուրընկալելու բարեկամներին:




























