Աֆղանստանի անվտանգության ուժերը մեկ օրում «Թալիբան» ռադիկալ շարժման եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 120 անդամ են ոչնչացրել: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աֆղանստանի ազգային պաշտպանության եւ անվտանգության ուժերն Աֆղանստանի տարբեր հատվածներում 9 մաքրման եւ 89 հատուկ նշանակության օպերացիա են իրականացրել, իսկ Աֆղանստանի ռազմաօդային ուժերը  9 օդային հարված են հասցրել զինյալների կացարանների ուղղությամբ:

«Օպերացիայի արդյունքում 121 զինյալ է ոչնչացվել, այդ թվում` «ԻՊ»-ի 10 ահաբեկիչ, 70 զինյալ վիրավորվել է, 7 կասկածյալ ձերբակալվել է»,- նշվում է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ: