Ինչպես կյանքը ցույց տվեց Ընտրական օրենսգրքում ամրագրված կայուն մեծամասնությունը կարող է փլուզվել, բայց խորհրդարանական հանրապետություններում միշտ նախընտրությունն կա այնպես անել, որ հնարավորինս խոշոր ուժեր հայտնվեն խորհրդարանում:  Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ-ում 4 քաղաքական ուժերի մասնակցությամբ աշխատանքային խմբի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով առաջարկին, որով ԱԺ ընտրություններում անցողիկ շեմը պետք է կուսակցությունների համար նվազեցվի 5-ից 4, իսկ դաշինքների համար՝ 7-ից 6:

Դավիթ Հարությունյանի խոսքով, պետք է այնպես անել, որ որ ոչ թե լինեն մասնատված փոքրի խմբակցություններ, այլ լինեն հնարավորինս խոշոր, դա է պատճառը, որ ընտրական շեմը պահպանվել է:

Ի պատասխան վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշեց. «Մենք ուսումնասիրել ենք ամենաժողովրդավար 40 երկրների փորձը, եւ պարզվել է, որ անցողիկ միջին շեմը 3,9 տոկոս է կուսակցությունների համար: Ես կարծում եմ, որ Հայաստանի համար ավելի լավ կլինի, եթե խորհրդարանը առավելագույնս ներկայացուցչական լինի: Սահմանադրությունն էլ է սահմանում, որ խորհրդարանը համամասնորեն հասարակությանը ներկայացնող մարմին է, իսկ անցողիկ շեմը այդ համամասնությունը խախտող, սահմանափակող բան է: Պետք է գնահատել, որն է ոսկե միջինը՝ ձեր նշած կայունությունն ապահովելու եւ համամասնական ներկայացվածության միջեւ»:

Դավիթ Հարությունյանը նկատեց, որ այսօր ԱԺ-ում ամենափոքր խմբակցությունը՝ ՀՅԴ-ն ունի 7 մանդատ. «Որքանո՞վ է ճիշտ ունենալ դրանից քիչ անդամ ունեցող խմբակցություններ: Կարծում եմ՝ ճիշտ չէ, որովհետեւ որքան փոքրանում են խմբակցությունները, այնքան դժվար է լինում կոնսոլիդացիան հարցերի շուրջ, որովհետեւ խմբակցությունների քանակն է ավելանում»:

Դանիել Իոաննիասյանն էլ արձագանքեց, որ այսօրվա գործող ընտրական օրենսգրքում ամրագրված 5 եւ 7 տոկոսանոց շեմը որեւէ ձեւով չօգնեցին, որ կառավարությունը անգամ մեկ տարի կարողանա կառավարել. «Ես չեմ կարծում, որ եթե շեմը մեկ տոկոսով նվազեցվի, խորհրդարանը լինի ավելի ներկայացուցչական, դրանից քաղաքական կայունությունը կտուժի: Այն երկրներում, որտեղ վերջին տարիներին նվազեցրել են անցողիկ շեմը, այդ երկրներում ժողովրդավարության եւ կոռուպցիայի ցուցանիշները բարելավել են»: