Բարձրագույն դատական խորհրդի հերթական՝ հուլիսի 10-ի նիստում խորհրդակցություն է անցկացվել Արարատի եւ Վայոց ձորի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ: Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:
Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ԲԴԽ-ն նշված դատարանների նախագահների ընտրություն է կազմակերպել: Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Արթուր Մարգարյանը, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ Գագիկ Սարգսյանը:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրել չի հաջողվել: Օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում նոր ընտրություն կկազմակերպվի:
Իսկ խորհրդակցության ընթացքում հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նստավայրերի նպատակային սահմանման, տարբեր նստավայրերում դատավորների միջեւ գործերի բաշխման համակարգի բարեփոխման, գործերի վերաբաշխման չափորոշիչների հստակեցման, բարդության աստիճանից ելնելով՝ գործերի քննության չափորոշիչների ժամկետների սահմանման հետ կապված հարցերին:
Դատավորները մտահոգություն են հայտնել արդարադատություն իրականացնելու ճանապարհին հանդիպող մի շարք խնդիրների վերաբերյալ, որոնք հաճախ խոչընդոտում են դատարանի բնականոն գործունեության իրականացմանը եւ հրատապ լուծում են պահանջում: Խոսքը, մասնավորապես, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների հերթապահության սահմանման, դատավորին ամենամյա հերթական արձակուրդի տրամադրման կարգերի մասին է:
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը նկատել է, որ բարձրաձայնված հարցերը Խորհրդում օրակարգային են եւ քայլեր են ձեռնարկվում՝ դրանց լուծում տալու համար: Նա դատավորներին եւս մեկ անգամ կոչ է արել իրենց ամենօրյա գործունեության ընթացքում նկատի ունենալ Դատավորների անկախության եվրոպական չափորոշիչները, Վենետիկի հանձնաժողովի զեկույցը՝ դատական համակարգի անկախության վերաբերյալ, Դատական խորհուրդների եվրոպական միավորման՝ վերջերս ընդունված Լիսաբոնյան հռչակագիրը, ինչպես նաեւ ԲԴԽ ուղերձը, որոնք տեղադրված են դատական իշխանության պաշտոնական court.am կայքում:
Առանձնակի կարեւորվել է ցանկացած տեսակի կոռուպցիոն դրսեւորումների վերացման խնդիրը:





























