Մարզպետն աշխատանքային հանդիպումներ է ունեցել համայնքապետարանի աշխատակազմի եւ խոշորացված համայնքի վարչական շրջանների ղեկավարների հետ, եղել համայնքների դպրոցներում, ապա այցելել Մշակույթի Տուն եւ բուժամբուլատորիա։

Այցի հիմնական նպատակը Ակունք համայնքի Նոր գյուղում նշանակված հանրային լսումներն էին։

Դպրոցի դահլիճում՝ գյուղի հանրության ներկայացուցիչների հետ կազմակերպված լսումներին քննարկվել է խմելու եւ ոռոգման ջրի հարցերը, ճանապարհների խնդիրներն ու գյուղում առկա հրատապ լուծում պահանջող այլ հարցեր:

Խոշորացված համայնքի ղեկավարի կողմից վարչական նոր ղեկավարի նշանակման համար գյուղի հանրության կողմից 4 թեկնածություններ առաջադրվեցին, որոնցից յուրաքանչյուրը հանդես եկավ համառոտ կենսագրականով եւ ծրագրային ելույթով։

Առաջադրված թեկնածություններից Ակունք համայնքի ղեկավարը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, կնշանակի վարչական նոր ղեկավարին։

«Սեպտեմբեր ամսին Ակունք համայնքում ունենալու ենք արդեն իսկ վերանորոգված եւ ջեռուցվող մանկապարտեզ»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը: