Ամերիկյան Գուանտանամո բանտում, որը գտնվում է Կուբայում, բանտարկյալների շարքերում խռովություն է սկսվել։ Դատապարտյալները կտրականապես հրաժարվել են հերթական զբոսանքից հետո վերադառնալ իրենց խցեր:
Բանը հասել է նրան, որ բանտարկյալները գիշերել են հենց զբոսանքի համար նախատեսված փոքրիկ բակում:
Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, բողոքի ակցիան նվիրված է եղել բանտի ստեղծման 9-ամյակին։ Այլ տվյալներով, խռովություններն այնտեղ սկսվել են դեռ երկու շաբաթ առաջ։
Նշենք, որ Գուանտանամոյում պահվում են տարբեր երկրների քաղաքացիներ, որոնց ամերիկյան իշխանությունները կասկածում են ահաբեկչական գործունեության մեջ։ Ներկայումս բանտում պահվում է 170 մարդ։
Բանտի վերացումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական ծրագրի կետերից մեկն էր։ Սակայն, չնայած ստորագրված հրամանին, բանտը շարունակում է գործել, հայտնում է ЕвроСМИ-ն։





























