ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ է արտահայտվել Վաշինգթոնի եւ Լոնդոնի կողմից Մոսկվայի ու Պեկինի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ հայտարարելով, որ հնարավոր է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «շատ լավ հարաբերություններ հաստատելը»։ Այս մասին նա հայտարարել է ITV հեռուստաընկերության լրագրող Փիրս Մորգանի հետ հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, որ մենք կարող ենք, հնարավոր է, լավ հարաբերություններ հաստատել Պուտինի հետ։ Ինչ-որ մեկը հարցրել է՝ դուք ընկերնե՞ր եք, թե՞ թշնամիներ։ Ես պատասխանում եմ՝ դեռեւս շատ վաղ է դրա մասին խոսել, բայց ես հենց այս պահին համարում եմ, որ մենք մրցակիցներ ենք, բայց ԱՄՆ-ի համար, անկեղծ ասած, եւ Մեծ Բրիտանիայի համար, եւ մյուս երկրների համար Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համերաշխ հարաբերություններ հաստատելը լավ է, ոչ թե վատ։ Դա, իսկապես, լավ է»,-ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը, պատասխանելով հարցին, թե չի պատրաստվում դուրս գալ ՆԱՏՕ-ից, որ հաճոյանա Պուտինին, կարծիք է հայտնել, որ Պուտինը պետք է հարգի այն, ինչ ՆԱՏՕ-ի անդամներն արել են Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունն ամրապնդելու համար։
Նշենք, որ Թրամփը հիմա աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում։ Կիրակի երեկոյան նա նախատեսում է մեկնել Հելսինկի, որտեղ հաջորդ օրը տեղի է ունենալու նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։





























