Թերթը գրում է, որ վերջին օրերին Երեւանի մի շարք տոնավաճառների առեւտրականների բողոքը վերջապես կարծես հասցեատեր ունեցավ։ Մինչ նրանք բողոքում էին մաքսայինի դեմ՝ մաքսատուրքի վճարները բարձրացնելու համար, պարզվեց, որ խնդիրը բոլորովին էլ դրա հետ չի կապված։ Պետեկամուտների կոմիտեի պաշտոնյաները պարզաբանեցին, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մաքսատուրքը մնացել է անփոփոխ։
Ստացվում է, որ Թուրքիայից եւ Չինաստանից տեղափոխվող ապրանքների ներմուծման թանկացումը կապված է բեռնափոխադրողների հետ։ Ինչ-ինչ հիմնավորումներով նրանք բարձրացրել են գները։ Սակայն սկզբնական շրջանում փորձ արվեց դա կապել մաքսատուրքերի բարձրացման հետ։
Բնականաբար տեղափոխման ծախսերը կարող էին ավելանալ։ Ողջ աշխարհում տեղի է ունենում ապրանքների եւ ծառայությունների գների բարձրացում։ Մի բան, որ անկասկած կարող էր ազդել նաեւ բեռնափոխադրող ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների արժեքի վրա։ Սակայն դժվար է հավատալ, որ դրանք միանգամից կարող էին կրկնապատկվել։ Սա նշանակում է, որ այստեղ այնուամենայնիվ ինչ-որ բան այնպես չէ, որի մասին Թուրքիայից եւ Չինաստանից ապրանքներ տեղափոխող ընկերությունները պարզապես չեն ուզում խոսել։
Մինչ օրս ներմուծում իրականացնող առեւտրականների եւ բեռնափոխադրող ընկերությունների հարաբերությունները կարգավորվել են առանց որեւէ փաստաթղթի։ Տարիներ շարունակ մարդիկ, հասկանալի պատճառներով, աշխատել են բանավոր պայմանավորվածության հիման վրա։ Չեն եղել պատշաճ պայմանագրային հարաբերություններ, որտեղ արձանագրված կլինեին երկու կողմերի պարտավորությունները։ Եվ այժմ պարզ կլիներ, թե ով է այն խախտել։
Ինչպես փոխադրող ընկերությունները, այնպես էլ առեւտրականները գործում են նույն դաշտում։ Երկու կողմերի հարաբերությունները մասնավոր են, որտեղ պետությունը, ըստ էության, դերակատարություն չունի։ Երկուսն էլ աշխատում են չլիցենզավորված գործունեության դաշտում։ Այս պայմաններում պետությունը գրեթե իրավասություն չունի խառնվելու նրանց ներքին հարաբերություններին, առավել եւս գին սահմանելու։ Դրանք ձեւավորվում են երկու կողմերի համաձայնությամբ։ Այլ հարց, եթե բեռնափոխադրումների ոլորտում լինեին մենաշնորհային հարաբերություններ. ինչ-որ մեկը փորձեր չհիմնավորված գին թելադրել։
…Չկա մրցակցություն, ինչն էլ, ըստ էության, դարձել է բեռնափոխադրողների կողմից ապրանքների տեղափոխման գների բարձրացման հիմնական պատճառներից մեկը։ Սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, թե նրանք ինչ գին ուզենան, պետք է թելադրեն։





























