ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քաղաքացու կողմից հաղորդում եւ բացատրություն է ստացվել այն մասին, որ  2017թ. օգոստոսի կեսերին, Նարեկ Սարգսյանի անվտանգության պետ Արտեմ Պետրոսյանի թիկնազորի 2 աշխատակիցներ Երեւան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցի խաչմերուկի վրա գտնվող սրճարանի դիմացից  բռնություն գործադրելու եղանակով առեւանգել են իրեն, տեղափոխել Ն. Սարգսյանի բնակության շենքի նկուղ, որտեղ մի քանի ժամ իր կամքին հակառակ պահելով՝ ենթարկել են ծեծի:

Ըստ հաղորդման՝ նշված նկուղում ներկա է գտնվել Ն. Սարգսյանը, ով ատրճանակով սպառնալիքներ է տվել իրեն, ապա գազայրիչով վառել է իր մարմնի տարբեր մասերը՝ պահանջելով գիշերային ակումբ աշխատեցնելու բիզնեսով չզբաղվել, այդ նպատակով չվարձակալել Երեւան քաղաքում գտնվող «Օպերա» ակումբը եւ այնտեղ չծավալել ձեռնարկատիրական գործունեություն:

Այնուհետեւ վերը նշված անձինք քաղաքացուն տեղափոխել են Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Սկանյա» բեռնատար մեքենաների սպասարկման սրահի վարչական շենք, 2-3  ժամ ապօրինի պահել այնտեղ, ապա Ն. Սարգսյանը մի քանի այլ անձանց հետ կրկին ծեծի է ենթարկել քաղաքացուն, ապա պահանջել է հեռախոսով բարձրախոսով «Օպերա» ակումբի սեփականատիրոջը հայտնել, որ հրաժարվում է  այդ ակումբում գործունեություն ծավալելուց:

Ն. Սարգսյանի պահանջը կատարելուց հետո քաղաքացուն ազատ են արձակել:

Նկատի ունենալով, որ  վերը նկարագրված փաստական տվյալներն առերեւույթ  պարունակում են հանցագործության հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի   131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ  եւ 7-րդ կետերի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը: