ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 17.07.2018թ.-ին Ա. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ոստիկանության մեկ այլ ծառայողի` Ս. Թ.-ի հետ խոչընդոտել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, 2018 թվականի ապրիլի 19-ին ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի հարակից տարածքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության աշխատակիցները, այդ թվում` օպերլիազորներ Ա. Թ.-ն եւ Ս. Թ.-ն:

Վերջիններս, նկատելով, որ լրագրող Տ. Մուրադյանը տեսախցիկի միջոցով լուսաբանում է ինչպես տվյալ վայրում բողոքի զանգվածային ակցիաներ իրականացնող քաղաքացիների եւ ոստիկանության ծառայողների, այնպես էլ իրենց գործողությունների ընթացքը, տեսախցիկի տիրույթում չհայտնվելու, ինչպես նաեւ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել են Տ. Մուրադյանին: Ս. Թ.-ն հարվածել է վերջինիս կրծքավանդակին, այնուհետեւ, անտեսելով լրագրող լինելու մասին նրա հավաստիացումները եւ լրագրող հանդիսանալու հանգամանքը հաստատող վկայականի առկայությունը, Ա. Թ.-ի հետ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` ոտքերով եւ ձեռքերով հարվածներ են հասցրել Տ. Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, նրան պատճառել մարմնական վնասվածքներ:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար 14.06.2018թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել նաեւ ոստիկան Ս. Թ.-ին:

Նախաքննությունը շարունակվում է: