Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների վերջերս տեղի ունեցած հանդիպումը առանձնահատուկ ու հետաքրքիր է բոլոր տեսակետներից։ Այս մասին հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը։
Նրա խոսքով՝ կարեւոր է, թե այդ հանդիպումից հետո ինչ արձագանք է լինելու հենց ԱՄՆ-ում։ Ընդ որում՝ նա հավելեց, որ այնտեղ որոշ ընդվզում է բարձրացել, քանի որ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հակասության մեջ է մտել գոլբալիստների հետ։ Թրամփը որոշել է պատերազմել գլոբալիստների դեմ, ու դա որոշակի պատասխան է։ Գլոբալիստները տեսել են, որ Թրամփը մի կողմ է դրել գաղափարական տարաձայնություններն ու փորձում է լուծել գլոբալ խնդիր՝ համաշխարհային անվտանգության խնդիրը»,- պարզաբանեց Սարգսյանը։
Նա ուշադրություն հրավիրեց նաեւ Թրամփի այն հայտարարության վրա, որ ԱՄՆ-ին ու Ռուսաստանին է հիմա պատկանում աշխարհի ատոմային զենքի 90 տոկոսը, ինչը նշանակում է, որ այդ երկու պետությունները, այնուամենայնիվ, կարողացել են ընդհանուր հայտարարի գալ միջազգային կատակլիզմների զսպման հարցով։
Դեմոկրատական կուսակցության ղեկավարի գնահատականով՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը նոր ճանապարհ է բացում միջազգային դիվանագիտությունում։ Քաղաքական գործիչը շեշտեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ շատ կոշտ դիրքորոշում է զբաղեցրել, իսկ Ռուսաստանի նախագահի հետ զրույցում իրեն դրսեւորել է ինչպես հավասարը հավասարի հետ, միաժամանակ հայտնելով, որ Վլադիմիր Պուտինը իր համար մրցակից է։ «Մեր տարածաշրջանի համատեքստում, իմ կարծիքով, զսպվեց բոլոր նրանց ախորժակը, որոնք փորձում էին օգուտ քաղել այդ տարաձայնություններից։ Պատահական չէ, որ Թուրքիայի դեսպանը Ուկրաինա է մեկնել, հանդիպել Պորոշենկոյի հետ եւ հայտնել այն մասին, որ իրենք Ղրիմը որպես ռուսական տարածք չեն ճանաչում։ Այս քայլը վկայում է այն մասին, որ Թուրքիան հիասթափված էր»,- պարզաբանեց Արամ Գ. Սարգսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Հելսինկիում կայացել է Թրամփի ու Պուտինի հանդիպումը, որի արդյունքներով երկու երկրների առաջնորդները մամուլի ասուլիս են տվել։ Թրամփի հայտարարությունները, որոնք նա հնչեցրել է Հելսինկիում, դարձել են քննադատությունների թիրախ նրա հայրենիքում, որտեղ նրան մեղադրել են «թուլության» մեջ:





























