Ազգային ժողովի՝ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը իր ամիսներ տեւած գործունեության ընթացքում միայն մեկ նպատակ է հետապնդել՝ ամեն գնով կոծկել մարտի 1-ի մեղավորներին: Այդ մասին սեպտեմբերի 17-ին «Փաստարկ» ակումբում հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը՝ միաժամանակ հավելելով, որ հանձնաժողովին հրահանգվել է քողարկել, որ մարտի 1-ին իշխանությունների կազմակերպած սպանդը անձամբ կազմակերպվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից: «Վստահ եղեք, որ եթե Ռոբերտ Քոչարյանը չիմանար, որ կան այդ կարգի մարդիկ՝ նիկոյաններ, զորիբալայաններ, վազգենմանուկյաններ, նա մարտի 1-ի սպանդ չէր անի»,- նշել է Շահնազարյանը եւ հավելել. «Նիկոյանի հանձնաժողովը մարդասպանների հետ ամբողջությամբ կիսել է այդ պատասխանատվությունը»:
Հիշեցնենք, որ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեկ եւ այսօր ներկայացրել է վերջնական զեկույցը, որում մեղադրել է ընդդիմությանը, իսկ իշխանության գործողությունները գնահատել իրավաչափ, թեեւ հենց իրավապահների գործողությունների արդյունքում են սպանվել 10 հոգի: Մահվան հանգամանքները դեռ չեն բացահայտվել:




























