Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հերթական անգամ հայտարարել է, որ երկրում ընթացող զանգվածային բողոքների ֆոնին արտահերթ ընտրությունների չի գնա, փոխանցում է Globovision-ը:
«Մեր ընտրական շրջանն ավարտվում է 2021 թվականին, երբ կանցկացվեն հաջորդ ընտրությունները: Ընտրություններն արագացնելը կնշանակեր անկայունության ստեղծում, անվտանգության բացակայություն եւ ընդհանուր առմամբ իրադրության վատթարացում»,- ասել է Օրտեգան:
Նիկարագուայում ապրիլից հակակառավարական ցույցեր են ընթանում, որոնց ընթացքում ավելի քան 350 մարդ է մահացել: Օրտեգան հայտարարում է իր երկրի դեմ դավադրության եւ պետական հեղաշրջման փորձի մասին:
Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտել է Նիկարագուայում բռնությունը, կոնֆլիկտի կողմերին կոչ է արել մասնակցել ազգային երկխոսությանը եւ երկրի կառավարությունից պահանջել է համաձայնեցնել ընտրությունների անցկացման օրը: Սակայն Օրտեգան նախկինում էլ է հրաժարվել արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից:





























