Հունաստանի իշխանությունները անտառային հրդեհների հետեւանքով տուժածներին օգնելու համար պետական ներդրումային ծրագրից 20 մլն եվրո են հատկացնում, հայտնում է «Sputnik Հունաստանը»:

Հունական կառավարությունը, սրանից զատ, հրդեհներից տուժածներին օգնելու համար մի շարք միջոցառումներ է ընդունել: Ինչպես հայտնել է Հունաստանի կատավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Տզանակոպուլոսը, միջոցառումները կվերաբերեն աղետի գոտում բնակվող քաղաքացիների հարկային պարտավորություններին: Կբացվի նաեւ հատուկ բանկային հաշվեհամար, որի վրա պետությունը, ինչպես նաեւ ցանկացած անձ կարող է փող փոխանցել հրդեհների հետեւանքների վերացման համար, հայտնում է պարբերականը:

Տզանակոպուլոսը հավելել է, որ տուժած ընտանիքներին աջակցելու միջոցառումների հիմնական փաթեթի, ինչպես նաեւ փոխհատուցման վճարումների չափի մասին կհայտարարվի հրդեհի հետեւանքների ամբողջական գանահատում կատարելուց հետո:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Հունաստանում տեղի են ունեցել մի քանի հրդեհներ, որոնց զոհ է գնացել 70 մարդ, Ատտիկայում արտակարգ դրություն է հայտարարվել: Երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրում եռօրյա սուգ է հայտարարել ի հիշատակ զոհերի, Հունաստանի դատախազությունը սկսել է հրդեհների պատճառների հետաքննություն, իսկ երկրի զինվորականները պատրաստվում են մասնակցել կրակի մարմանը, որն ընդգրկել է Արեւելյան Ատտիկան: