Քաղաքակիրթ առեւտրի դեմ դժվար է պատճառաբանություն գտնել, սակայն Երեւանի քաղաքապետարանը, փողոցային առեւտուրն արգելելուց առաջ, պետք է մի շարք հանգամանքներ հաշվի առներ։ Հունվարի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Ահագնացող աղքատության եւ սոցիալական բունտի հավանականության ֆոնին Երեւանի քաղաքապետարանը որոշում կայացրեց «մաքրել» մայրաքաղաքի փողոցները, բայց պետք էր նախօրոք հայտարարել նման մտադրության մասին, համապատասխան տարածքներ տրամադրել փողոցային առեւտրով զբաղվող մարդկանց։ Խնդիրը նրանում է, որ սոցիալական փոքր բախումները կարող են հանգեցնել մեծ բունտի»,- նկատեց ՀՅԴ պատգամավորը։

Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն իր հերթին նշեց, որ իշխանությունն առաջին հերթին է շահագրգռված նրանում, որ հասարակությունը զերծ մնա սոցիալական բախումներից։ «Որքանով է դա իշխանություններին հաջողվում, կախված է այդ հասարակության անդամների պատրաստակամությունից եւ պատրաստվածությունից։ Անկասկած, միգուցե պետք էր ավելի շատ քայլեր անել, որպեսզի մարդիկ չզրկվեին հաց վաստակելու հնարավորությունից»,- խոստովանեց Բադեյանը։

Նա, սակայն, հատկանշական համարեց, որ փողոցային առետրով զբաղվելու իրավունք չունենալու պատճառով բողոքող մարդկանց թիվը գնալով  նվազում է։ «Այդ զանգվածը պակասում է. մարդիկ կամաց-կամաց ընտելանում են եւ նույնիսկ առավելություններ են տեսնում որոշման մեջ։ Բացի այդ, նրանք թունելի վերջում սկսել են լույս տեսնել, հույսը չեն կորցնում»,- ասաց նա։

Ամփոփելով՝ ՀՀԿ պատգամավորը նկատեց, որ ամեն դեպքում, «մեր երկիրը հալած յուղի նման չէ»։