Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ղարաբաղյան հարցով ենթահանձնաժողովի ստեղծումը մեկ կուսակցության շրջագծում լուծելի խնդիր չէր. այդ կառույցում հայկական պատվիրակությունն արեց ամեն բան կասեցնելու այդ գործընթացը, սակայն՝ ապարդյուն, հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ափսոսանք հայտնեց ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Իրականում, ԵԽԽՎ-ում վերոնշյալ ենթահանձնաժողովի ստեղծման պատասխանատվությունը քաղաքական մեծամասնությանն է։ Ցավոք, Հայաստանը թե ներքին, թե արտաքին դաշտում պարտությունների ընթացքի մեջ է մտել»,- նշեց ՀՅԴ պատգամավորը։
ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն իր հերթին, անդրադարձ կատարելով Հայաստանը Եվրադատարանի վճիռները չկատարող երկրների ցուցակում հայտնվելու հարցին, նկատեց, որ եվրոպացիների գնահատականները կախված են բազմաթիվ գործոններից։ «Պետք չէ շատ պարզունակ դարձնել եվրոպացիների գնահատականները եւ մտածել, որ դրանք կախված են տվյալ երկրի պահվածքից։ Մի մտածեք, թե այնտեղ նստած են գերագույն դատավորներ եւ որոնք այս կամ այն սխալի դեպքում իրենց կարծիքն են արտահայտում։ Ցանկացած որոշում ունի ունի շատ ենթատեքստեր, դրանց «տակը շատ բան կա»։ Այնպես, որ Ղարաբաղի հարցով համապատասխան ենթահանձնաժողովի ստեղծումը Հայաստանի վատ պահվածքով բացատրելը միամտություն կլինի»,- նկատեց Բադեյանը։
Անդրադառնալով «Ա1+»-ին հերթական անգամ եթեր վերադառնալու հնարավորությունից զրկելուն (ՀՌԱՀ գրեթե բոլոր անդամները 0 էին նշանակել «Ա1+»-ին), ՀՀԿ պատգամավորը նկատեց, որ թեպետ չի տիրապետում խնդրին, սակայն գիտի, որ «Ա1+»-ը մրցույթին մասնակցել է, ինչպես բոլորը։ «Ճիշտ է, խնդիրը շատ խորը չգիտեմ, բայց եթե անարդարություն է տեղի ունեցել, պետք է դատարան դիմել։ Բացի այդ, խնդիրը միայն պետական կառուցների մեջ չէ։ Եթե մենք ունենք քնած հասարակություն, քնած մարդիկ, ովքեր իրենց շահերը չեն պաշտպանում, մենք սա էլ կունենանք։ Ես ամենեւին բունտի կոչ չեմ անում, այլ ասում եմ, որ խնդիրները պետք է լուծվեն խոհեմ եւ գրագետ ճանապարհով»,- ամփոփեց Բադեյանը։
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, հունվարի 28-ին ԵԽԽՎ Բյուրոն նիստ է գումարել եւ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերստեղծման որոշում է կայացրել: Որոշմանը դեմ են եղել միայն Հայաստանի ներկայացուցիչները, իսկ մյուս երկրները կողմ են քվեարկել նախաձեռնությանը: Ենթահանձնաժողովի նախագահ է ընտրվել Իսպանիայի ներկայացուցիչ, կատալոնացի Խուգլա ի Կոստան:




























