2010 թ. Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 755,8 մլրդ դրամ (ավելի քան՝ 2 մլրդ դոլար)։ Սա 0,6 տոկոսով գերազանցում է ծրագրավորված մակարդակը։ Փոխարենը 2,6 տոկոսով նվազել են ծախսերը՝ կազմելով 856,8 մլրդ դրամ (մոտ 2,3 մլրդ դոլար)։
Այս մասին նշված է ֆինանսների նախարարության այսօր՝ հունվարի 31-ին հրապարակած հաշվետվության մեջ։
Պետական բյուջեի եկամուտների 92,5 տոկոսը ձեւավորվել է հարկերի, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին։ Այլ եկամուտները կազմել են 6,7 տոկոս, 0,8 տոկոսը՝ պաշտոնական դրամաշնորհներ։
Հարկային եկամուտների 50,8 տոկոսը ապահովել է ավելացված արժեքի հարկը, որը կազմել է 301,7 մլրդ դրամ (մոտ 808 մլն դոլար) եւ 18,7 տոկոսով կամ 47,6 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը։
Մոտ կիսով չափ թերակատարվել է պաշտոնական դրամաշնորհների ծրագիրը։ 2010 թ. արտաքին աղբյուրներից ստացվել են 6,1 մլրդ դրամի (16,3 մլն դոլար) պաշտոնական դրամաշնորհներ։ Շեղումը հիմնականում առաջացել է Եվրոպական հարեւանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով կրթության ոլորտի դրամաշնորհի կրճատմամբ։





























