«Արթիկ» ՔԿՀ-ում այսօր՝ փետրվարի 1-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ վերսկսվելու է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքի քննարկումը։ Քաղբանտարկյալի փաստաբանները վերաքննիչ դատարանից պահանջել են բեկանել անցած տարվա նոյեմբերի 19-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի կայացրած որոշումը։
Իր այդ որոշմամբ, Մնոյանը հրաժարվել էր անվավեր ճանաչել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի՝ 2010 թվականի մայիսի 25-ի հայտնի որոշումը, որով վերջինս, հաշվարկելով Նիկոլ Փաշինյանի ազատազրկման ժամկետը, շուրջ հինգ ամսով երկարացրել էր այն։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճռով Փաշինյանը անազատության մեջ պետք է պահվեր երեկ ու կես տարի՝ հաշված 2009-ի հուլիսի 1-ից։ Մինչդեռ Նավասարդյանի որոշմամբ, Փաշինյանի ազատազրկումը պետք է տեւի երեք տարի 10 ամիս։





























