Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային խումբ է գործուղել Շուռնուխ գյուղ:

NEWS.am-ին ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Շուռնուխում տեղի ունեցած միջադեպից հետո իրենց իրավունքների առնչությամբ մտահոգություններ են հայտնել գյուղի մի շարք բնակիչներ եւ դիմել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին:

Հաշվի առնելով միջադեպի վերաբերյալ բազմակողմանի պատկերացում կազմելու եւ ամբողջական գնահատական ձեւավորելու նպատակով գյուղի բնակիչներին լսելու կարեւորությունը՝ Պաշտպանի կողմից աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ: Պաշտպանի ներկայացուցիչները կհանդիպեն գյուղի բնակիչներին, կլսեն նրանց բարձրացրած հարցերը, ինչպես նաեւ կունենան աշխատանքային հանդիպում Ոստիկանության բաժնում:

Մարդու իրավունքների պաշտպանն օրենքի ուժով է պարտավոր իր իրավասության շրջանակում ուսումնասիրել միջադեպի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ լսել բոլոր կողմերին՝ առաջնորդվելով օբյեկտիվության, անկողմնակալության եւ օրենքով պահանջվող մյուս սկզբունքներով: