Նախագահ Դոնալդ Թրամփի սակագնային քաղաքականությունը խոսում է ազատ առեւտրի եւ ԱՄՆ-ի տնտեսությունում ճապոնական ընկերությունների ներդրման կարեւորությունը չհասկանալու մասին: Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն:
Նա զգուշացրել է, որ Տոկիոն կարող է միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն սպառնալիքները կատարի եւ 25 տոկոս մաքսատուրքեր կիրառի ճապոնական ավտոմեքենաների ներկրման վրա:
«Ճապոնացի ավտոարտադրողները ամերիկյան տնտեսության հիմնական աղբյուրն են», - ասել է Սեկոն: «Եթե ճապոնական ավտոարտադրությունը թուլանա, այն չի կարողանա ներդրումներ կատարել ԱՄՆ-ում»:
Թրամփը չպետք է մեղադրի Ճապոնիային, ասել է Սեկոն, քանի որ ներկայումս Ճապոնիայի հետ ԱՄՆ-ի դեֆիցիտը արտացոլում է ԱՄՆ-ում հազարավոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ Ճապոնիայի երկարատեւ ջանքերը:
Ըստ նրա, պողպատի եւ ալյումինի մաքսատուրքրերն արդեն հարված են հասցրել, բայց դրանք նվազագույն ազդեցություն կունենան Ճապոնիայի վրա, քանի որ այս արտահանման միայն փոքր մասն է գնում ԱՄՆ:


























