Կասպից ծովի կարգավիճակի մասին երկարատև անորոշությունը վերջապես լուծում ստացավ օգոստոսի 12-ին Ղազախստանում ստորագրված համաձայնագրով, որը, ըստ որոշ փորձագետների, Ռուսաստանին փաստացի տվեց ծովի գերագույն ուժի կարգավիճակ, գրում է Deutsche Welle կայքը:
Որոշ փորձագետների կարծիքով էլ՝ մերձկասպյան երկրների միջև տարաձայնություններն առայժմ չեն լուծվել: Ռուսաստանցի փորձագետ Արկադի Դուբնովը DW-ին ասել է, որ հռչակագրով սահմանվել են խաղի կանոնները, սակայն խաղի շուրջ համաձայնություն առայժմ չկա: DW-ն գրում է, որ համաձայնագրով Իրանին ծովից ամենափոքր բաժինն է հասել, և երկիրը համաձայնագրով պարտված կարող է դուրս գալ:
The Guardian-ի թղթակիցներից Ֆիբի Գրինվուդը գրում է, որ համաձայնագիրը դժվարությամբ ձեռք բերված դիվանագիտական հաղթանակ էր, չնայած Իրանը վստահ չէր, քանի որ, ըստ հավասար հեռավորության հիման վրա ծովի ջրերը բաժանելու սկզբունքի, ամենաքիչ հատվածը հենց Իրանին պետք է բաժին հասներ: Ռուսաստանը չէր ցանկանում Թուրքմենստանին թույլ տալ իրականացնել Ադրբեջանի հետ 300 կմ երկարությամբ գազատարի կառուցման ծրագիրը, որով այն կբացեր իր հսկայական էժան գազի պաշարները Եվրոպայի առջև: Լուծումն էլ եղավ այն, որ համաձայնագրի լեզուն անորոշ է և հետաձգում է որոշիչ քայլերի կատարումը: Ծովի հատակի հարուստ ածխածնային պաշարների հարցը կլուծվի առանձին համաձայնագրով:
Նշվում է, որ Ղազախստանը հատկապես Իրանի հարցով է անհանգստացած. 1820-ական թվականներին այն Ռուսաստանի հետ ընդհարման ժամանակ կորցրել է ծովի հյուսիսային հատվածը և առայժմ այդ հարցը ցավոտ է երկրի համար: Ռոհանիի քննադատները գագաթնաժողովում արված ցանկացած զիջում կդիտարկեն որպես ազգի դավաճանություն: Սակայն Իրանն ԱՄՆ-ից խոստացված աննախադեպ ծանր պատժամիջոցների պարագայում հարևանների հետ վիճելու կարգավիճակում չէ:
Financial Times-ի թղթակից Հենրի ֆոյն էլ գրում է, որ Կասպից ծովի կարգավիճակի մասին համաձայնագրով Ռուսաստանը փորձում է խորացնել Իրանի և Կենտրոնական Ասիայի իր հարևանների հետ համագործակցությունը և այդպիսով ապահովել Կասպից ծովի ավազանում ռազմական գերակայություն՝ թույլ տալով իրագործել երկար սպասված էներգետիկ ծրագրերը: Համաձայնագրով Ռուսաստանը հասնում է նրան, որ ՆԱՏՕ-ն կամ Չինաստանը չկարողանան օգտագործել Կասպիցը՝ Թուրքմենստանի, Ղազախստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու համար:
The Moscow Times-ի խմբագրական հոդվածում գրված է, որ համաձայնագիրը լուծում է մի շարք խնդիրներ, որոնք երկար ժամանակ չեն լուծվել հարևան երկրների միջև: Նաև հնարավորություն է ստեղծվում Տրանսկասպյան գազատարի կառուցման համար: Համաձայնագիրը նաև հեշտացնում է բնապահպանական և էկոլոգիական խնդիրների լուծումը: Ռուսաստանը գործնականում և հոգեբանորեն շահում է, քանի որ համաձայնագիրն օտար ռազմական ուժերը հեռու է պահում Կասպից ծովից և այդպիսով նվազեցնում է մերձկասպյան երկրների հետ դաշնակցություն կազմելու և իրեն հարավից հարված հասցնելու հավանականությունը: Իսկ դիվանագիտական հաղթանակն այն է, որ Ռուսաստանն է համաձայնագրի վերջնական տեքստը կազմել և, փաստորեն, լուծել 25 տարվա վաղեմության տարաձայնությունը:
Իրանական Al-Monitor կայքում պրոֆեսոր Համիդրեզա Ազիզին գրում է, որ Կասպից ծովի համաձայնագիրն Իրանին մոտեցնում է հյուսիսային հարևաններին: Իրանում հասարակությունը բացասաբար է ընդունել համաձայնագիրը այն պատճառով, որ, ըստ նրանց, Իրանն իր իրավունքները զիջել է հյուսիսային հարևաններին: Հեղինակը նշում է, որ նման մեղադրանքները հիմնված են այն սխալ պատկերացման վրա, որ մինչ այդ Ռուսաստանն ու Իրանը 50-50 հիմունքով էին օգտվում ծովից, իսկ այժմ Իրանին հասել է 11 տոկոսը, սակայն ԽՍՀՄ գրեթե ողջ գոյության ընթացքում ծովի հանդեպ Իրանի իրավունքները խիստ սահմանափակ են եղել: Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ խնդիրն ավելի ակնհայտ է դարձել: Թուրքմենստանի և Ադրբեջանի հետ տարիներ շարունակվող տարաձայնություններից հետո նման համաձայնագիրը կարող է, հեղինակի կարծիքով, համարվել դրական քայլ Իրանի համար առնվազն ռազմական բախումներից խուսափելու տեսանկյունից: Իրանը շահում է նաև գլոբալ անվտանգության տեսանկյունից, քանի որ երրորդ երկրների ռազմական ներկայության արգելքը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ կապված մտավախություններից ապահովագրում է Իրանին:





























