Ամերիկահայ դոկտոր Ջենին Թոփալյանը վերջերս նշանակվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հատուկ կրթության խորհրդատվական հանձնաժողովի անդամ:

Հանձնաժողովը Կրթության նահանգային խորհրդին ապահովում է խորհրդատվությամբ Կալիֆորնիայում հատուկ կրթությանը վերաբերող հետազոտության, օրենսդրության եւ ծրագրային զարգացման հարցերի շուրջ, հաղորդում է «Ասպարեզ» թերթը:

«Ինձ համար մեծ պատիվ է Ժողովի խոսնակ Էնթոնի Ռենդոնի կողմից հատուկ կրթության հանձնաժողովում նշանակվել: Ուրախ եմ, որ ինձ նման դեր են վստահել, հատկապես, երբ հիմա հատուկ կրթությունը զարգացում է ապրում,- ասել է Կալիֆորնիայի դպրոցի հոգեբանների ասոցիացիայի քարտուղար եւ գանձապահ Թոփալյանը:- Իմ առաջին նիստի ժամանակ առանձնահատուկ կարիքներով աշակերտների իրավունքները պաշտպանելու հանդեպ հանձնաժողովի անդամների նվիրվածությունն ու շահագրգռվածությունն ակնհայտ էր: Ավելին, հանձնաժողովի որոշումներն ու խորհրդատվությունը կարող են երկարատեւ ազդեցություն ունենալ բոլոր աշակերտների, նրանց ընտանիքների եւ ամբողջ նահանգի դպրոցական շրջանների վրա: Ուստի այս որոշումները կարող են ազդել եւ մեր ոլորտի վրա»:

Թոփալյանը 15 տարվա փորձ ունի որպես դպրոցի հոգեբան: