Հայտնի են դարձել վերամշակման համար նախատեսված հավի մսի ներմուծողների եւ իրացնողների անունները: Հիշեցնենք, որ խոսքը «Բրոյլեր հավի թեւ: Վերամշակման համար: Սառեցված» ապրանքի մասին է: («Ռեսուրս» ընկերություն,  արտադրող երկիր Ռուսաստան, արտադրված է 04.05.2018):

Բացի այն, որ այս խմբաքանակը  մանրածախ վաճառքի մեջ է հայտնվել, դրանում հայտնաբերվել է ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ):

NEWS.am-ի պաշտոնական հարցմանն ի պատասխան Աննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնրել է, որ Հայաստանում «Ռեսուրս-Յուգ» ՍՊԸ-ի հավի մսի ներմուծմամբ զբաղվում են մի քանի ընկերություններ՝ «Ֆելիքս Գրուպ», «Ալեքս Հոլդինգ»,«Գոռ 83», «Սագաս»  «Մարկո ֆուդ»:

Վերոնշյալ «Բրոյլեր հավի թեւ: Վերամշակման համար: Սառեցված» (արտադրված է 04.05.2018)  ապրանքի խմբաքանակը ներկրվել է «Սագաս» եւ  «Մարկո ֆուդ» ընկերությունների կողմից:

Նշված հավի միսը հայտնաբերվել է «Կարեն-5» արտադրական կոոպերատիվի մեծածախ եւ մանրածախ առեւտրի կետում, սակայն ՍԱՊԾ-ն չի բացառում, որ այն վաճառվել է նաեւ այլ մանրածախ օբյեկտներում:

«Կարեն-5»-ում հայտնաբերված հավի սառեցված թեւի խմբաքանակը ոչնչացվել է օգոստոսի 3-ին:

ՍԱՊԾ-ն այցելել է հավի մսի այս խմբաքանակը ներմուծող ընկերություններ: Նշվում է, որ սառեցված հավի թեւերի այս խմբաքանակը նրանց մոտ չի հայտնաբերվել:

Հավելենք,  որ անորակ հավի մսի ներմուծողի անունն իմանալու համար NEWS.am-ին  ավելի քան մեկ ամիս պահանջվեց: Մանրածախ շուկայում հայտնված վերամշակման համար հավի մսի մասին հոդվածը հրապարակվել էր դեռ հուլիսի 21-ին:

Մի քանի շաբաթ շարունակ ՍԱՊԾ-ից տվայլ հավի մսի ներմուծողի անունն իմանալու թղթակցի փորձերն անարդյունքն էին: Բացի դրանից, ՍԱՊԾ-ի ներկայացուցիչները այս հարցի վերաբերյալ իրարամերժ հայտարարություններով էին հանդես գալիս: