Չինաստանը դարձել է ալկոհոլի չարաշահման պատճառով ամենաբարձր մահացությամբ երկիրը: Այս մասին հայտնում է Global Times պարբերականը՝ վկայակոչելով փորձագիտական տվյալները, որոնք հրապարակվել են The Lancet բժշկական ամսագրում:
Նշվում է, որ Չինաստանում 2016 թվականին ալկոհոլի հետ կապված խնդիրների պատճառով մահացել է 59 հազար կին եւ 650 հազար տղամարդ: Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Հնդկաստանը՝ 42 հազար կնոջ եւ 290 հազար տղամարդու մահվան դեպքերով: Ռուսաստանը եզրափակել է առաջատարների եռյակը. այստեղ ալկոհոլի չարաշահման պատճառով մահացել է 43 հազար կին եւ 180 հազար տղամարդ:
Ամսագրի տեղեկություններով՝ ԱՄՆ-ն, որի բնակչությունը ավելի քան 2 անգամ գերազանցում է Ռուսաստանում բնակվողների թվաքանակը, գրավել է վարկանիշի 5-րդ հորիզոնականը՝ այստեղ 2016 թվականին ալկոհոլի պատճառով մահացել է 19 հազար կին եւ 71 հազար տղամարդ:





























