Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ նեանդերտալցիների անհետացման հիմնական պատճառներից մեկը կարող է գլոբալ սառեցումը լինել, հայտնում է «Լենտա»-ն վկայակոչելով EurekAlert-ը:
Հետազոտողները վերլուծել են Ռումինիայի քարանձավներում գտնվող ստալագմիտների տարեկան շերտերի քիմիական կազմը, որի տարիքը հասնում է մի քանի տասնյակ հազար տարվա: Պարզվել է, որ մոտ 40-44 հազար տարի առաջ Եվրոպայի տարածքում կլիման չափազանց չոր եւ սառն է եղել: Դա տեւել է մի քանի դար կամ հազարամյակ, եւ այս ժամանակահատվածին համապատասխանող հնագիտական շերտերում նեանդերտալցիների կողմից պատրաստված գտածոներ չեն հայտաբերվել:
Գիտնականների կարծիքով՝ ժամանակակից տիպի մարդիկ կարողացել են վերապրել այս սառը ժամանակաշրջանը, քանի որ ավելի լավ էին ադապտացված շրջակա միջավայրին, քան նեանդերտալցիները: Վերջիններս պակաս բազմազան սննդակարգ ունեին, եւ նրանք չափազանց կախված էին կենդանիներից, որոնց որսում էին:
Ավելի սառը ժամանակահատվածում սննդամթերքի աղբյուրներն ավելի սուղ են դարձել, ինչը հնագույն մարդկանց ավելի խոցելի է դարձրել կլիմայական փոփոխությունների նկատմամբ: Homo sapiens-ը ոչ միայն միս է կերել, այլեւ՝ ձուկ ու բույսեր, եւ հարուստ սննդակարգը նպաստել նրանց գոյատեւմանը:





























