Ամերիկյան CNN հեռուստաալիքը պատասխանել է թվիթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքներին ոչ հավաստի տեղեկություն հրապարակելու մասին, փոխանցում է Gazeta–ն։

«Սխալներ թույլ մի տվեք, պարոն նախագահ, CNN–ը չի ստում։ Մենք նորություններ ենք հաղորդում։ Մենք հայտնում ենք, երբ իշխանության ղեկին գտնվող մարդիկ ստում են։ CNN–ը նախկինի պես հավատարիմ է սեփական ռեպորտաժներին ու հաղորդավորներին։ Նրանցից շատերն այս պատմության մեջ կարող են հիմար լինել, սակայն Կարլ Բերնշտեյնը նրանցից մեկը չէ»,–նշված է CNN–ի թվիթերյան էջում։

Մինչ այդ Թրամփն ակտիվացրել է իր հարձակումները CNN–ի վրա։ «CNN–ը փլվում է ներսից, քանի որ նրանց բռնել են մեծ ստի վրա, եւ նրանք հրաժարվում են խոստովանել սխալը»,–գրել է Թրամփը։

ԱՄՆ առաջնորդը թվիթերում CNN–ի քաղաքական թղթակից Կարլ Բերնշտեյնին անվանել է մարդ, որը ապրում է անցյալում եւ մտածում է որպես այլասերված հիմար։

Բերնշտեյնը հայտնի է նրանով, որ մասնակցել է Ուոթերգեյթյան սկանդալի հետաքննությանը, գրում է The Hill–ը։ CNN–ի լրագրողը հուլիսին հրապարակված նյութում հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենը պատրաստ է եղել պատմել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերին այն մասին, որ Թրամփը տեղյակ է եղել իր որդու եւ ռուս փաստաբանի հանդիպման մասին։

Քոենի փաստաբան Լենի Դեւիսը ավելի ուշ հայտնել է The Washington Post–ին, որ Քոենն է եղել CNN–ի այդ նյութի աղբյուրը, որ Քոենը իմացաել է 2016 թվականին Trump Tower–ում իր որդու հանդիպման հարցում Թրամփի տեղեկացվածության մասին։ Դեւիսը հետագայում փոխել է իր դիրքորոշումը, սակայն CNN–ը հայտարարել է, որ նախկինի պես հավատարիմ է մնում ավելի վաղ գրվածին։