Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը համոզված էր, որ Վլադիմիր Պուտինը «դեմոկրատ է» եւ հավաստիացրել է այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին, որ Ռուսաստանի ներկայիս ղեկավարը «կշարունակի իմ ընտրած ուղղությունը ժողովրդավարության ամրապնդման ոլորտում», փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: Ռուսաստանի ղեկավարը նաեւ համարել է, որ ԱՄՆ-ում Պուտինին որպես «որակավորում ունեցող գործընկեր» են ընկալում:

Այս հայտարարությունները պահպանվել են Ելցինի եւ Քլինթոնի բանակցությունների տեքստերում, որոնք հրապարակվել են Միացյալ Նահանգների նախկին նախագահի գրադարանի կայքում: Զրույցներից մեկը տեղի է ունեցել 1999 թվականի նոյեմբերի 19-ին:

Քլինթոնը հարցրել է Ելցինին, թե ով կհաղթի Ռուսաստանում 2000 թվականի նախագահական ընտրություններին. «Պուտինը, իհարկե: Նա կլինի իմ իրավահաջորդը: Նա դեմոկրատ է եւ գիտի Արեւմուտքը»: «Նա շատ խելացի է»,- իր հերթին ասել է Քլինթոնը: Ի պատասխան, Ելցինը շարունակել է գովաբանել Պուտինին իր ամերիկացի գործընկերոջը մետ: «Նա կոշտ է»,- ասել է Ելցինը Պուտինի մասին: «Ես կանեմ ամեն հնարավոր բան, որպեսզի նա հաղթի՝ օրինական հիմքերով, իհարկե: Դուք համատեղ բիզնես կվարեք: Նա կշարունակի ժողովրդավարության եւ տնտեսության ամրապնդման ոլորտում իմ ընտրած ուղին եւ կընդլայնի Ռուսաստանի շփումները: Նա ունի էներգիա եւ ուղեղ՝ հաջողության հասնելու համար»,- ասել է Ելցինը Պուտինը մասին: