ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է Անվտանգության խորհրդի նիստ հրավիրի, որ քննարկի Վրաստանի իշխանությունների որոշումը Վրաստանի տարածքից Հայաստան վերգետնյա ճանապարհով ցորեն ներկրելու արգելքի մասին։ Այս մասին օգոստոսի 31-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Նրա խոսքով՝ այս որոշումը պետք է դառնա Անվտանգության խորհրդի նիստի քննարկման թեմա, քանի որ Հայաստանը պետք է այլընտրանքային ռեսուրսներ գործի դնի, որ չուժեղացնի Վրաստանից կախվածությունը։ Պետք է նաեւ դիտարկել, թե ինչ հնարավորություններ ունի գյուղատնտեսությունը, որ ավելացվի ցորենի եւ հացահատկի մասով ինքնաբավությունը։

«Խնդիրն ավելի խորն արմատներ ունի, քան կարող  է առաջին հայացքից թվալ՝ այս որոշմամբ հայկական կողմը բեռների տեղափոխման կախվածություն կունենա Վրացական երկաթուղիներից, որը պետական մարմին է։ Սա ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական որոշում է»,–նշեց տնտեսագետը։

Նա համարում է, որ այս քայլով Վրաստանը ամրապնդում է իր կարգավիճակը Հայաստանի հետ հարաբերություններում եւ տարածաշրջանում։

«Վստահ եմ, որ Հայաստանի մոտ խնդիրներ կառաջանան հացահատկի փոխադրումների հետ կապված, եթե Վրաստանի հետ հարաբերությունները վատթարանան։ Բացառված չէ, որ մյուս հարեւան երկրները կծանրաբեռնեն վրացական երկաթուղին այնքան, որ նույնիսկ նրա շարժակազմը չկարողանա մեզ սպասարկել, այսինքն՝ մենք ստիպված կլինենք սպասել, հերթ կանգնել, նախօրոք դիմում տալ»,–գտնում է Գագիկ Մակարյանը։

Նա շեշտեց, որ ԵՄ–ում բոլոր բեռները, այդ թվում՝ հացահատիկների բեռները անարգել տեղափոխում են եւ հիշեցրել է, որ Վրաստանն ու Հայաստանը համաձայնագիր են կնքել ԵՄ–ի հետ համապարփակ համագործակցության մասին։

«Պետք  է ուսումնասիրել եվրոպական փորձը, հասկանալ՝ այդպիսի խնդիրներ արդյոք ի հայտ եկել են Եվրոպայում, եթե այո, ապա ինչ կանխարգելիչ միջոցառումներ են նախատեսվում եվրոպական արձանագրություններով, համագործակցության համաձայնագրերով, ինչպես նաեւ ԱՀԿ շրջանակներում»,–նշեց փորձագետը։

Նրա խոսքով՝ զարմանալի է, որ պետական մարմինները՝ մասնավորապես, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, Տնտեսական զարգացման եւ ներդրումների եւ Գյուղատնտեսության նախարարությունները լռում են եւ համարում են, որ վրացական կողմի ցանկացած որոշում լուռ ընդունենք կամ հանդես գանք որպես արտոնություններ խնդրողի դերում։

«Վրաստանի հետ ՀՀ դիվանագիտական հարաբերությունները գտնվում են շատ ցածր մակարդակի վրա։ Մենք չենք կարողանում լուծել Վերին Լարսի խնդիրը, հայկական կողմը միշտ խնդրում է Վրաստանին երկարացնել «Վերին Լարսի» անցակետի աշխատանքային գրաֆիկը։ Վրաստանի կառավարությունը, հավանաբար, հոգնել է հայկական կողմի խնդրանքներից՝ կապված ճանապարհների հերթերի հետ, եւ որոշել է այս տարբերակով հարցը լուծել, հիմա նա կսկսի կանոններ թելադրել Հայաստանին եւ ինչ–որ մակարդակով նույնիսկ Ադրբեջանին»,–հավելեց նա։

«Եթե այժմ նրանք խոսում են, որ ցորենի բեռներից ճանապարհները վնասվում են,  ապա չի բացառվում, որ վաղը այլ ծանր բեռների համար կարող են նման որոշում կայացնել»,–եզրափակեց տնտեսագետը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշման համաձայն, 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով: