Ճիշտ է, ԱՄՆ-ն զիջում է համաշխարհային առաջնորդի իր դիրքերը, սակայն ԱՄՆ նախագահի ունեցած ազդեցությունը շարունակում է զարմացնել: Այս մասին ասվում է The Washington Post-ի խմբագիր Ջեքսոն Դիլի հոդվածում:

Երբ Ջորջ Բուշն իր երկրորդ երդմնակալության գլխավոր մեխը դարձրեց ժողովրդավարությունը, աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ շտապեցին կրկնել նրա խոսքերն ու հայտնել ժողովրդավարության ուղին ընտրելու մասին: Վաշինգթոնի օրինակով, անսպասելի կերպով, ազատ ընտրությունների բարիքներից էին խոսում Կատարի Էմիրը և Ադրբեջանի երկարակյաց նախագահը:

Նախագահ Թրամփի թողած ազդեցությունը փոքր-ինչ այլ է. նրա պրոտեկցիոնիստական քաղաքականությունն ու Ամերիկան առաջինը դասելու միտումն այնքան էլ մեծ տարածում չունեն, սակայն նրա ամենասուր արտահայտությունը՝ «fake news»-ը, որոշ պնդումների համաձայն, դարձել է ԱՄՆ-ի ամենաազդեցիկ «քաղաքական էքսպորտը» Բուշի «ազատության օրակարգ»-ից (freedom agenda) ի վեր: Կասկած չկա, որ արդյունքը նույնը չէ, նշում է հեղինակը:

Դիլի կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 28 երկրներում վերջին 18 ամիսների ընթացքում «կեղծ լրատվություն» կամ «սխալ նորություն» արտահայտություններն օգտագործվել են ընդդեմ ազնիվ լրագրողների և ճշմարիտ լրատվության: Լրատվության դեմ գործող քաղաքական ռեժիմների թվում է, իհարկե, Ադրբեջանը՝ մի շարք այլ ավտոկրատիաների հետ, որտեղ անկախ լրագրողներն անընդհատ ճնշման են ենթարկվում:

Չնայած ժողովրդավար պետություններում ևս նման դեպքեր են արձանագրվում. օրինակ՝ Թայվանն այն մի քանի երկրներից է, որտեղ կառավարության կողմից կեղծ հայտարարվող լրատվությունը քրեականացնող օրենքներ են ընդունվում: Երկրների շարքում են նաև Ֆրանսիան, Իտալիան, Հնդկաստանը: Կամբոջայի ավտոկրատ առաջնորդն ու ժողովրդավարական համարվող Լեհաստանի նախագահը շնորհակալություն են հայտնել Թրամփին՝ անկախ լրագրության և կեղծ լրատվության ուժը շեշտադրելու համար:

Խմբագիրը նշում է, որ Թրամփի սիրելի դաշնակիցներից Իսրայելի վարչապետ Նեթանյահուն և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին տրամաբանորեն հաջորդ քայլն են կատարել. Սիսին CNN-ն անվանել է «ողբալի», մինչդեռ Նեթանյահուն մեղադրել է CNN-ին և The New York Times-ին «կեղծ լրատվություն» տարածելու մեջ: Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ, իր հերթին, ասել է, որ Թրամփի և Ռուսաստանի միջև կապերի մասին CNN-ի տարածած լուրերը կեղծ են: