Վերջին զարգացումների լույսի ներքո դատավոր Ալեքսանդր Ազարյանի եւ ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչության նախկին պետ Վահագն Հարությունյանի անուններն անգամ տրամաբանությունից դուրս մտավարժանքների մեջ շոշափելով, Քննչական կոմիտեի կոռումպացված պաշտոնյաները փորձում են ազատվել կալանքից ու խուսափել քրեական պատասխանատվությունից: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կամո Փիրուզյանի սպանության կազմակերպչին պատասխանատվությունից ազատելու համար մեղադրվող ՔԿ նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործով տուժողի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը:
Ըստ նրա ավարտվել է այդ գործով նախաքննությունն ու քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու ու դատարան ուղարկելու համար: Հատուկ Քննչական ծառայությունը հաստատված է համարել, որ ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը առանձնապես խոշոր չափերի կաշառք է ստացել քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանից (Ալավերդցի Վահագ), որի դիմաց իր անմիջական ենթակա նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանին հորդորել է Կամո Փիրուզյանի սպանության կատարող Վլադիմիր Դավթյանին առաջադրել ավելի մեղմ մեղադրանք, քան պետք է առաջադրվեր կատարածի համար:
ՀԿԳ ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանը քննությունը տարել է այդ ուղղությամբ ու արդյունքում առավել մեղմ մեղադրանքով փորձել է քրեական գործն ուղարկել դատարան: Կատարվածի արդյունքում կամո Փիրուզյանի սպանությունը լիարժեք չի բացահայտվել, սպանության կազմակերպիչ Վահագն Աբգարյանին մեղադրանք չի առաջադրվել: ՀՀ Լոռու մարզի դատախազի կողմից, սակայն, մեղմ մեղադրանքով, թերի քննված քրեական գործով մեղադրական եզրակացությունը չի հաստատվել ու քրեական գործն ուղարկվել է լրացուցիչ քննության՝ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն, որտեղ իրականացված քննության ընթացքում ապացուցվել է, որ Վահագն Աբգարյանն է Կամո Փիրուզյանի սպանության պատվիրատուն, նրան մեղադրանք է առաջադրվել, իսկ սպանության կատարողի արարքը վերաորակվել է ավելի խիստ մեղադրանքով:
ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քրեական գործի քննության ընթացքում, սակայն, այդ վարչության քննիչներից մեկը Արտակ Հովհաննիսյանը խոշոր չափերով կաշառք ստանալով նույն Վահագն Աբգարյանից, պարբերաբար նրան է հաղորդել նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների Արտակ Հովհաննիսյանի հայրը՝ փաստաբան Հարություն Հովհաննիսյանը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Նա պնդում է, որ Արտակ Հովհաննիսյանին գրավով ազատ արձակելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բեկանելով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հանցագործություն է կատարել:
Դատավոր Ազարյանը բավարարել էր տուժող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքն ՝ անթույլատրելի ճանաչելով գրավի կիրառումը Հովհաննիսյանի նկատմամբ: նույն փաստաբանի պնդմամբ իր որդու դեմ գործով հետաքրքրություն ունի նաեւ նրա նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը:
«Հարություն Հովհաննիսյանը պնդում է, թե մենք իբր քրեական գործով տուժողի ներկայացուցիչ չենք եղել ու բողոք ենք ներկայացրել, ուստի Ազարյանն էլ մեր բողոքը քննելու իրավունք չի ունեցել: Մինչդեռ դա իրականության հետ որեւէ աղերս չունի, մենք Երվանդ Վարոսյանի հետ գործում ներգրավված ենք՝ որպես տուժողի ներկայացուցիչներ եւ բողոք ներկայացնելու իրավունք ունենք: Պարզ է՝ Հարություն Հովհաննիսյանը հատուկ օգտագործում է Ալեքսանդր Ազարյանի, Վահագն Հարությունյանի անունները, նկատի ունենալով վերջին իրադարձությունները, երկրում տիրող իրավիճակը եւ վերաբերմունքը, կարծում եմ՝ այս անունները տալով փորձ է կատարվում հասնել իր համար ցանկալի արդյունքի»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Տուժող կողմի համար անհասկանալի է, թե ինչու է Ազարյանի վերաբերյալ հաղորդում ներկայացվել: Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ այս գործով երեք մեղադրյալ, նախկին պաշտոնատար անձանց՝ Թաթուլ Շուշանյանի, Արտակ Հովհաննիսյանի եւ Արայիկ Ներսիսյանի նկատմամբ ի սկզբանե որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանավորումը, սակայն, այնուհետեւ գրեթե նույն ժամանակահտվածում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 3-ի նկատմամբ էլ գրավ է կիրառել. «Մտահոգիչ է Արտակ Հովհաննիսյանի հոր հայտարարությունն այն մասին, որ դատախազությունն էլ էր համաձայն, որ Արտակ Հովհաննիսյանը մնա ազատության մեջ: Տարօրինակ է, թե որտեղից մեղադրյալի հայրը գիտի, թե դատախազությունն ինչին է համաձայն, ինչին ոչ:
Նշեմ, որ Վահագն Աբգարյանի եւ վերոհիշյալ քննիչների հանցագործությունը բացահայտելու գործում շատ լուրջ դերակատարում է ունեցել դատախազությունը։ Չեմ կարող պատկերացնել, որ դատախազությունը ինչ ինչ շահերից ելնելով կարող է հետ կանգնել ընտրված ճիշտ ուղուց։ Ավելին, եթե դատախազությունը կարծեր, որ Արտակ Հովհաննիսյանը պետք է գտնվի ազատության մեջ օրենքով իրեն վերապահված իրավունքներից կարող էր օգտվել, ինչը չի կատարվել։
Ինչ վերաբերում է Ալեքսանդր Ազարյանի դեմ հաղորդում ներկայացնելուն, ապա պետք է փաստել, որ ներկայացված վերաքննիչ բողոքների հիման վրա Վերաքննիչ դատարանում 3 առանձին բողոքներն էլ քննվել են 3 տարբեր դատավորների կողմից, 3-ի դեպքում էլ դատավորները գրավն անթույլատրելի են ճանաչել եւ որոշել կալանավորումը կիրառել որպես խափանման միջոց: Այս պարագայում ինչո՞ւ են կենտրոնացել դատավոր Ազարյանի վրա։
Եթե արդյունքում Արտակ Հովհաննիսյանը հայտնվի ազատության մեջ, ապա ոչինչ չի մնում վստահաբար պնդելու, որ սա պարզ գործարք է ընդդեմ ոչ մեկին չենթարկվող, անկախ եւ միայն օրենքով առաջնորդվող դատավոր Ազարյանի»: Լուսինե Սահակյանը շեշտեց, որ սա այն բացառիկ գործերից է, որ գրավը չէր կարող թույլատրելի ճանաչվել՝ հաշվի առնելով, որ մեղադրյալները պաշտոնատար անձինք են եղել եւ ըստ մեղադրանքի, իրենց գործունեության ընթացքում ամեն ինչ արել են, որ պատասխանատվությունից խուսափի սպանության պատվիրատու Վահագն Աբգարյանը, իսկ կատարողին էլ առավել մեղմ մեղադրանք առաջադրվի, նրանց արարքում արդեն իսկ կա քննությունը ուղղորդելու, հանցագործություն կոծկելու, մեղավորին պատասխանատվությունից ազատելու տարրեր, որպիսի պարագայում ակնհայտ է, որ էապես բարձր է նրանց կողմից արդեն իրենց մեղադրանքով գործի քննությանը միջամտելու վտանգը:
Լուսինե Սահակյանը ցանկացավ ընդգծել նաեւ, որ ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը զուգահեռ քննել է նաեւ սպանված Կամո Փիրուզյանի եղբոր՝ Վարդան Փիրուզյանի վերաբերյալ քրեական գործը «Եթե նորմալ քննություն իրականացներ Արտակ Հովհաննիսյանը, եւ Վահագն Աբգարյանը հայտնվեր մեղադրյալի կարգավիճակում, Կամո Փիրուզյանը չէր սպանվի, այսինքն Կամո Փիրուզյանի սպանության մեղավորը նաեւ Արտակ Հովհաննիսյանն է: Ամենեւին զարմանալի չէ, որ նրա հայրը բացահայտեց՝ Արտակ Հովհաննիսյանն ու Վահագն Աբգարյանը նաեւ մանկության ընկերներ են եղել, ինչը նույնիսկ մենք չգիտեինք, այսինքն ի սկզբանե, իրար հետ համագործակցել են:
Բնական է նաեւ նշված գործով բոլոր մեղադրյալների լարվածությունը Վահագն Հարությունյանի դեմ, որը ոչինչ հաշվի չառնելով, չի ցանկացել կոծկել հանցագործի հետ համագործակցող քննիչներին եւ սպանության պատվիրատուին։ Ես համոզված եմ, որ այս երեք պաշտոնյաները կենթարկվեն պատասխանատվության եւ արժանի պատիժ կստանան, ինչը կհանգեցնի նաեւ նման բազմաթիվ այլ հանցագործությունների կանխմանն ու քննիչների կողմից նման գործելաոճի բացառմանը: Մենք հետեւողական ենք լինելու, որ երեքն էլ ենթարկվեն պատասխանատվության»,- հավելեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:




























