Tesla–ի հիմնադիր Իլոն Մասկը կրկին մանկապղծության մեղադրանքներ է հնչեցրել բրիտանացի դայվեր Վերն Անսվորթի հասցեին, որը մասնակցել է Թաիլանդում հեղեղված քարանձավից երեխաներին փրկելու գործընթացին, հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով BuzzFeed–ին։
Նշվում է, որ առցանց ռեսուրսը տեղադրել է Մասկի մեկնաբանությունը, որն նա գրել էր off-the-record ձեւաչափում՝ ոչ լրատվամիջոցների հրապարակման համար։ Ռեսուրսի լրագրողը տեղադրել է Tesla–ի հիմնադրի պատասխանը՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ այդպիսի պայմաններում Մասկի հետ համագործակցության համաձայնություն չի տվել։
Մասկը խորհուրդ է տվել լրագրողին դադարել պաշտպանել մանկապիղծներին եւ կապ հաստատել Թաիլանդում գտնվող մարդկանց հետ, որ պարզի իրերի իրական դրությունը։
«Նա ծեր եւ միայնակ տղամարդ է Անգլիայից, որը ճանապարհորդել եւ ապրել է Թաիլանդում 30-40 տարվա ընթացքում, հիմնականում Պատայե Բիչում, քանի դեռ չէր մեկնել Չիանգրայ 12 տարեկան երեխայի հետ ամուսնանալու համար»,–գրել է Մասկը։
Նա հավելել է, որ իրենց չի մտահոգում այն հեռանկարը, որ Անսվորթը կարող է իրեն դատի տալ։



























