Բրիտանական Burberry հագուստի ապրանքանիշը կհրաժարվի բնական մորթու օգտագործումից, հայտնում է Reuters-ը:

«Արդի շքեղությունը նշանակում է, որ պետք է լինել սոցիալապես եւ էկոլոգիապես ավելի պատասխանատու: Մենք կարծում ենք, որ սա է Burberry-ի հիմքը եւ երկարաժամկետ հեռանկարում մեր հաջողության բանալին»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Մարկո Գոբեթին:

Նշվում է, որ նման քայլի դիմած այլ անվանի ապրանքանիշների թվում են Versace-ն եւ Gucci-ն:

Էկոլոգիականության քաղաղաքականության շրջանակում Burberry-ում կհրաժարվեն նաեւ չվաճառված ապրանքի այրումից: The Times պարբերականը հուլիսին հայտնել էր, որ անցյալ տարի Burberry-ն այրել է ավելի քան 36 մլն դոլարի արտադրանք: Պարբերականի տեղեկություններով՝ այս քայլը հարուցել էր բաժնետերերի դժգոհությունը, սակայն ղեկավարությունն իր գործողությունները պատճառաբանել էր այս կերպ իր անվան եւ մտավոր սեփականության պաշտպանությամբ, ու որ թույլ չի տա իր ապրանքները ցածր գներով հայտնվեն գորշ շուկաներում:

Burberry ընկերությունը հիմնադրել է Թոմաս Բերբերին 1856 թվականին: Ապրանքանիշի դիզայներական ինովացիաներից են անջրաթափանց գործվածք գաբարդինի գյուտը, ինչպես նաեւ վանդակավոր նախշը: