NEWS.am-ը ներկայացնում է Կարոլինա Արայայի հոդվածը` տպված չիլիական «La Tercera»-ում, որոշակի կրճատումներով…
8 մարդ, 11 երկիր, 7 ամիս, 88 հազար կիլոմետր եւ առագաստանավ…Դա մի խումբ հայերի շրջագայությունն է աշխարհով, ովքեր ժամանել են Չիլի: Նպատա՞կը: Կապվել աշխարհի տարբեր մասերում հայ համայնքների հետ, ովքեր փախել են Առաջին աշխարհամարտի ժամանակ թուրքական բռնաճնշումներից եւ հայկական սփյուռք հիմնել:
Արշավախմբի հրամանատարը 76-ամյա բժիշկ եւ գրող Զորի Բալայանն է, ով 80 գիրք է հրապարակել ողջ աշխարհով իր ուղեւորությունների մասին:
«Հայեր կան ողջ աշխարհով մեկ: Մենք նրանց այցելում ենք, զրուցում եւ տեսագրում, կապ ենք պահպանում, ամենուր փնտրում նրանց»,- ասել է նա:
Թեեւ նախնական երթուղին չէր ընդգրկում Չիլին, խումբը որոշել է այցելել այդ երկիր` մյուս հայ համայնքներից Չիլիի հայերի կտրված լինելու պատճառով: Չիլիում մոտ 100 ընտանիք կա:
Խումբը գտնվում է Կոնկոնում եւ ուղեւորվելու է Նոր Զելանդիա, որպեսզի շարունակի իր ընթացքը դեպի Ավստրալիա, Ինդոնեզիա, Սինգապուր, Հնդկաստան եւ ավարտի Վալենսիայում, որտեղ էլ սկսվել է նվիրատվությունների շնորհիվ իրականացվող ուղեւորությունը:



























