ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը փետրվարի 8-ին առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաքելություն ուղարկել Մերձավոր Արեւելք՝ նպաստելու համար իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերսկսմանը:

Այս առաջարկն արվել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Եգիպտոսում ու Թունիսում առկա իրավիճակը, ինչպես նաեւ Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարության միջեւ բանակցություններն առաջ մղելու խնդիրը քննարկելուց հետո, գրում է Mignews-ը:

Չուրկինի խոսքով, տարածաշրջանում ներկա իրավիճակը շատ է անհանգստացնում Ռուսաստանին, քանի որ «Մերձավոր Արեւելքում ստեղծված կացությունը շատ փխրուն է, իսկ կողմերի միջեւ բանակցությունների վերսկսմանն ուղղված ջանքերը փակուղում են»:

«Մենք կարծում ենք, որ Անվտանգության խորհրդի առաքելությունը կարող է օգնել, որպեսզի կայոնանա իրավիճակը, նաեւ կնպաստի իսրայելապաղեստինյան բանակցությունները վերսկսելու միջազգային ջանքերին»,- ասել է նա: