Իրանի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ նախագահ Թրամփը, ղեկավարելով նիստը, աջակցություն չգտավ խորհրդի հիմնական 5 անդամների կողմից` ԻԻՀ-ի նկատմամբ առավել կոշտ միջոցներ կիրառելու հարցում: Այս մասին գրում է Washington Examiner-ի մեկնաբաններից Թոմ Ռոգանը:

Նրա խոսքով` սա կարելի էր ակնկալել: Սակայն արժե հասկանալ, թե որն է պատճառը, որ աշխարհն անտարբերությամբ է մոտենում Իրանի նկատմամբ Թրամփի վարչակազմի վարած քաղաքականությանը, քանի որ դրա հետեւում ավելի ակնառու դրդապատճառներ կան, քան կարելի է պատկերացնել:

Նախ եւ առաջ, հեղինակը խոսում է Ռուսաստանի եւ Չինաստանի մասին, որոնց բնավ չեն մտահոգում Իրանի ագրեսիվ գործողությունները, քանի որ դրանք չեն հակասում երկու երկրների շահերին: Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի հետ Իրանի հակամարտության մեջ Պուտինը Միջին Արեւելքում իր միջնորդական դերի ամրապնդման մեծ հնարավորություն է տեսնում: Իրանը նաեւ դիտարկվում է որպես շահավետ գործարքների աղբյուր: Թե՛ էներգետիկ ոլորտում երկարաժամկետ համագործակցության, թե՛ հեռուստահաղորդակցման ներդրումների առումով Պեկինը եւ Մոսկվան Իրանը դիտարկում են որպես մի հարթակ, ուր կարելի է գումար աշխատել եւ Միջին Արեւելքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային համակարգը խարխլել:

Ռոգանի խոսքով` Եվրոպայի շահերն ավելի համեստ են: Գերմանիան, ինչպես նշում է Բեն Վայնթալը, մեծ հաշվով Իրանի կողմից է: Եվ մինչդեռ Բրիտանիան եւ Ֆրանսիան թերահավատորեն են մոտենում Իրանի վարքագծին եւ ներդրումներ են կատարում համապատասխան ոլորտներում հետախուզական աշխատանքներում, նրանք նաեւ այն կարծիքին են, որ 2015 թվականի միջուկային համաձայնագիրը սահմանափակում է Իրանի զավթողական քաղաքականությունը: Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ կիսում է Իրանի` բալիստիկ հրթիռների ծրագրի շուրջ մտահոգությունը, սակայն նախագահ Մակրոնը վստահ է, որ այդ խնդիրը պետք է լուծվի միջուկային համաձայնագրի շրջանակներում, եւ ոչ թե դրանից դուրս: Ահա, թե ինչու էին ֆրանսիացիները շահարգռված պատժամիջոցներից խուսափելով համաձայնագիրը փրկելու հարցով:

Մեկնաբանի կարծիքով` եվրոպական երկրները Ամերիկայի չափ վրդովված չեն Բաղդադում կամ Բեյրութում Իրանի հեղափոխական գործողությունների առիթով: Սա մասամբ նաեւ նրանից է, որ նրանք չեն ցանկանում բախվել Իրանի կոշտ քաղաքականության կողմնակիցների հետ: Մտահոգվելու առիթ կա, որ Եվրոպայի կառավարություններն Իրանի հետախուզման ծառայություններին եւ հեղափոխականներին թույլ են տվել ներխուժել իրենց տարածք:

Ռոգանի կարծիքով, սրա հետեւանքով` Իրանը ավելի մեծ հնարավորություն ունի Եվրոպայի հողերի վրա հարձակվելու, քան ԱՄՆ-ի, չնայած դա եւս անհավանական չէ: Եվ դրանից էլ ուժեղանում է եվրոպացիների վախը, որ Իրանի հետ բախումը սատարելու արդյունքում կարող է մի նոր «Իրաքի պատերազմ» սկսվել: Սա նշանակում է, որ Եվրոպան քաղաքականապես հակված չէ Թրամփի վարչակազմին սատարելու Իրանի վարչակարգի տապալման գործում:

Ամփոփելով` հեղինակը գրում է, որ չինացիներն ու ռուսները ակտիվ կերպով հակադրվում են Իրանում ԱՄՆ-ի շահերին, իսկ եվրոպացիները չեն ցանկանում Իրանի մասին մտահոգությունները լուծել Թրամփի վարչակազմի առաջարկած ճանապարհով: