«Ժանգոտ կողպեք» մրցանակն այս տարի որեւէ մեկին չի շնորհվի՝ փոխված կառավարությանը եւ առանձին նախարարներին գնահատելու ժամանակ չլինելու պատճառով։ Այս մասին հայտարարել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը։

Դոյդոյանը հիշեցրել է, որ Հայաստանում համեմատաբար վերջերս է իշխանափոխություն տեղի ունեցել, եւ այդ ժամանակը բավարար չէ կառավարության եւ առանձին նախարարների գործունեությունը արժանի կերպով գնահատելու համար։

Խոսելով «Ոսկե բանալի» եւ «Ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության մասին՝ Կենտրոնի նախագահը նշել է, որ այս տարի միջոցառումը տարբերվում է նրանով, որ նախատեսվում է միայն «Ոսկե բանալի» մրցանակների շնորհում՝ խոսքի ազատության իրավունքի լիարժեք իրականացման ոլորտում ձեռքբերումների համար։

Նրա խոսքերով՝ «Ժանգոտ կողպեք» մրցանակը, որ շնորհվում է այն նախարարութուններին եւ կազմակերպություններին, որոնք ամեն կերպ փորձում են բարդացնել տեղեկատվության հասանելիությունը հասարակական կազմակերպություններին եւ ԶԼՄ-ներին, այս տարի ոչ մեկին չի շնորհվի։

Միաժամանակ, Կենտրոնի ղեկավարն առանձնացրեց մի շարք մարտահրավերներ, որոնք կանգնած են Հայաստանի կառավարության առջեւ։

«Առաջինը՝ նոր կառավարության տեղեկատվական ոլորտում կադրերի անբավարար լինելը եւ նրանց վերապատրաստման խնդիրը։ Բազմաթիվ անփորձ կադրերի առկայությունը, որոնք կարող են խնդիրներ ստեղծել ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների համար»,- պարզաբանեց Դոյդոյանը։

Նա հավելեց, որ հաճախ անհասկանալի է՝ ում է պետք դիմել տեղեկատվություն ստանալու համար։ Իրավապաշտպանը համոզված է, որ կառավարությունում պետական մարմինները պետք է ակտիվություն ցուցաբերեն եւ ինքնուրույն հրապարակեն ձեռքի տակ եղած տեղեկատվությունը։

«Միայն սոցցանցերի հաղորդագրությունները չեն կարող լիարժեք բավարարել տեղեկատվություն ստանալու հասարակության իրավունքը,- նշեց նա։

Իր հերթին Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ում շնորհվեց «Ոսկե բանալի» մրցանակը, ընդգծեց, որ հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շնորհիվ Հայաստանը տեղեկատվության տրամադրման ազատության հարցում շատ զարգացած երկրներից առաջ է անցել։

Նախարարի խոսքերով՝ Հայաստանն այս ոլորտում այնպիսի բարձունքների է հասել, որ կարող է սկսել «արտահանել» իր փորձը։