Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 28-ին հանդիպեց Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Մնացականյանը նշեց, որ թեեւ Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, նման հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում առաջին ձեռքից միմյանց մոտեցումներին ծանոթանալու եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար:
Բեհջետ Պացոլին եւ Զոհրաբ Մնացականյանն անդրադարձան բազմակողմ հարթակներում փոխգործակցության ակտիվացման ուղիներին:
Կոսովայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Սերբիայի հետ երկխոսության գործընթացի վերջին զարգացումները:




























