Մեկ օրում չի ստեղծվել թավշյա հեղափոխությունը, այդտեղ դեր են ունեցել նաեւ «Սասնա ծռերը»: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթում նշեց Արցախի ռազմական-քաղաքական գործիչ, Մարտական խաչի ասպետ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը:

«Ես ուզում եմ այս ամբիոնից խորին հարգանքը հայտնել իմ մարտական  պայքարի ընկերներին՝ «Սասնա Ծռերին» եւ պահանջել ազատություն բոլոր ընկերներին, քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Պավլիկ Մանուկյանին»,-ասաց նա՝ հավելելով, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը պետք է հիմնադրեն նաեւ Արցախում, որպես նշան Արցախ-Հայաստան միացման երազանքի:

«Մենք պետք է վերջ դնենք նախորդ ռեժիմի գործողություններին, որ Արցախը որպես առանձին միավոր էին պահպանում, որն իրենց անձնական շահերից էր բխում: Հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության, պետք է ունենանք կենտրոնաձիգ մեկ հայկական պետություն, որը պետք է կոչվի Հայաստանի Հանրապետություն:

Այսօր խաթարված է մեր իշխանությունը, որովհետեւ Ազգային ժողովը գրեթե գոյություն չունի, կա միայն լեգիտիմ կառավարություն: խաթարված է նաեւ քաղաքական դաշտը, նախորդ ռեժիմը ամբողջովին քանդել է այդ դաշտը, վերացրել ազգային նկարագիր ունեցող կուսակցություններին, կամ դրել թույլ վիճակի մեջ: Այսօր ԱԺ-ում կան հակազգային ուժեր եւ նրանց սպասարկող լրացուցիչ ուժեր: Դա չի արտահայտում մեր ժողովրդի կամքը: Առաջիկա ԱԺ ընտրություններում պետք է իրենց տեղն ունենան ազգային ուժերը»,-հայտարարեց Բադասյանը:

«Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնողներից Վարուժան Ավետիսյանը եւս հայտարարեց, որ քույր կուսակցություն կստեղծվի Արցախում: