Հերթական անգամ մեր զորակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի2-ին, նման հայտարարություն է տարածել «Օրինաց երկիր» կուսակցությունը:

«Կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակը ապակայունացնելու բոլոր գործողություններից և համաձայն արդեն իսկ ԱԺ-ում հաստատված կառավարության ծրագրի՝  ձեռնամուխ լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը»,-ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «ԱԺ կանոնակարգ-օրենքի» 50-րդ հոդվածում փոփոխություն են առաջարկել, որը, ըստ «Ելք»-ի պատգամավորների թույլ կտա նրանց խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո:

Խոսքն այն մասին է, որ վարչապետի հրաժարականից հետո ժողովուրդը կարող էր շրջափակել ԱԺ շենքը, որ նիստ չգումարվի եւ նոր վարչապետ չընտրվի, որպեսզի ԱԺ-ն ցրվի, իսկ այդ օրինագիծը նախատեսում է, որ նման դեպքում ԱԺ նիստը համարվում է ընդհատված եւ ԱԺ լուծարումը տեղի չի ունենում:

Նշենք, որ ԱԺ-ն այսօր ավելի ուշ արտահերթ նիստում ընդունեց այդ օրինագիծը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել են ԱԺ շենքի մոտ: