Կարծում եմ՝ կամուրջներն այրված չեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Սահմանադրության շրջանակներում Ազգային ժողովն ընդունեց օրինագիծը: Որքան հասկացա, այն ցերեկը չի դրվել քվեարկության տեխնիկական պատճառաբանությամբ, որպեսզի վարչապետի հետ կայանա բանակցության հաջորդ փուլը: Ես տեսել եմ Նիկոլ Փաշինյանի արձագանք, որ դեկտեմբերին ուզում է կազմակերպել արտահերթ ընտրություններ»,-ասաց նա:

Աշոտյանը նշեց, որ այս օրինագիծը արտահերթ ընտրություններ չկազմակերպելու մասին չէր. «Այս օրինագիծն Ազգային ժողովին Սահմանադրական լիազորությունների շրջանակներում պայմաններ ստեղծելու երաշխիքներից մեկն էր եւ բացարձակ կապ չունի արտահերթ ընտրությունների կազմակերպման քաղաքական գործընթացի հետ:

Այդ գործընթացը չպետք է կազմակերպվի քաղաքական ճնշումների, ուժի, շանտաժի լեզվով, գոռգոռոցների, վիրավորանքների, սպառնալիքների լեզվով»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հարցին՝ իսկ ԱԺ կողմից նման օրինագծի ընդունումը շանտաժ չէ՞ր իշխանություններին, Աշոտյանը պատասխանեց. «Բացարձակ, կարծում եմ՝ վերջին շաբաթների ընթացքում դուք տեսել եք հակառակ կողմից նման վերաբերմունք ԱԺ-ի հանդեպ: Ես կարծում եմ, որ քաղաքական կոնսուլտացիաների, երկխոսության համար ոչ միայն կամուրջներն այրված չեն, այլ այս օրինագիծը ստեղծելու է ավելի բարենպաստ միջավայր գործընթացը իրականում քաղաքական, ոչ թե ֆիզիկական դիտարկելու»:

Նա վստահություն հայտնեց, որ հասարակության հետ Նիկոլ Փաշինյանը կարողանում է լեզու գտնել եւ եթե նա ուզենա քաղաքակիրթ միջավայրում, սահմանադրականության, անվտագության եւ ներքին կայունության վրա ապահովել Հայաստանի հետագա զարգացումը, ապա ինչպես ինքն է բորբոքում, այդպես էլ կարող է հանդարտեցնել մարդկանց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները «ԱԺ կանոնակարգ-օրենքի» 50-րդ հոդվածում փոփոխություն են առաջարկել, որը, ըստ «Ելք»-ի պատգամավորների թույլ կտա նրանց խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո:

Խոսքն այն մասին է, որ վարչապետի հրաժարականից հետո ժողովուրդը կարող էր շրջափակել ԱԺ շենքը, որ նիստ չգումարվի եւ նոր վարչապետ չընտրվի, որպեսզի ԱԺ-ն ցրվի, իսկ այդ օրինագիծը նախատեսում է, որ նման դեպքում ԱԺ նիստը համարվում է ընդհատված եւ ԱԺ լուծարումը տեղի չի ունենում:

Նշենք, որ ԱԺ-ն այսօր ավելի ուշ արտահերթ նիստում ընդունեց այդ օրինագիծը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել են ԱԺ շենքի մոտ եւ շրջափակել շենքը: