Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում, որտեղ վերջերս տեղի էր ունեցել հզոր երկրաշարժ եւ ցունամի, հրաբուխ է արթնացել, հայտնում է Associated Press-ը:

Կղզու հյուսիսում Սոպուտան հրաբուխը 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտաժայթքել: Իշխանությունները օդանավերին զգուշացրել են հրաբխի ակտիվության մասին, սակայն Սուլավեսիի բնակիչների տարհանում չի հայտարարվել:

«Հնարավոր է, որ երկրաշարժն է հարուցել ժայթքումը, սակայն դեռեւս չի հաստատվել անմիջական համահարաբերակցությունը»,- Tempo լրատվական պորտալին ասել է հրաբխագետ Կասբանին:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ինդոնեզիայի ափերին տեղի է ունեցել եւս մեկ երկրաշարժ: 5,9 մագնիտուդ հզորությամբ ստորգետնյա ցնցումները գրանցվել էին Ֆլորես կղզու մոտ: