PicsArt ընկերությունը, առաջնահերթություն տալով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը ու Հայաստանում բարձրակարգ մասնագետների պատրաստմանը, Armenian Code Academy (ACA)-ի հետ համատեղ նախաձեռնել է «Image Processing»-ի խորացված դասընթացի ծրագիր։

PicsArt-ն ու ACA-ն հայտարարում են «Image Processing»-ի 17 շաբաթյա խորացված դասընթացի մասին: PicsArt ընկերությունը դասընթացի մասնակիցներին կտրամադրի ամբողջական կրթաթոշակ, իսկ լավագույն առաջադիմությամբ շրջանավարտները PicsArt-ում աշխատանքի հնարավորություն կունենան:

Մեքենայական ուսուցումը, որի մի բաղադրիչն է կազմում նաև պատկերների մշակումը, աշխարհում ամենաարագ զարգացող, պահանջված և բարձր վարձատրվող մասնագիտական ուղիներից է: Այն պահանջում է մտքի ճկունություն, մաթեմատիկական ամուր բազա եւ բարձր մասնագիտական հմտություններ: Ավաղ, այս ոլորտի մասնագետների պատրաստման համար Հայաստանում դեռ շատ կրթական հաստատություններ չկան։ Այդ իսկ պատճառով, այս դասընթացը բացառիկ հնարավորություն է ստեղծում գիտությամբ հետաքրքրվող եւ նոր մասնագիտացում փնտրող երիտասարդ մասնագետների համար:

Դիմումների ընդունման վերջնակամկետը՝  հոկտեմբերի 6-ը, հետևյալ հղմամբ:

Նշենք, որ ամռանը մեկնարկել է և մինչ այժմ ընթանում է մեքենայական ուսուցման դասընթաց, որը իրականացվում է PicsArt, ACA, BetConstruct, Menu.am և Webb Fontaine ընկերությունների համագործակցությամբ: Մեքենայական ուսուցման ևս մեկ դասընթաց է իրականացվել PicsArt եւ ACA ընկերությունների կողմից նաև նախորդ տարի՝ Ucom և BetConstruct ընկերությունների  համագործակցությամբ: