Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 4-ի նիստում, որոշում կայացվեց քրեականացնել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման եւ միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, նշված հանցանքների կատարումը հրապարակային արդարացնելը կամ քարոզելը:

Որոշման նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ օրենսգրքում քրեական պատասխանատվություն նախատեսված է միայն որոշ հանցագործություն կատարելու հրապարակային կոչերի համար:

«Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 23-րդ գլխում կատարել լրացում՝ առանձին հոդվածով քրեական պատասխանատվություն նախատեսելով որպես հանցագործության առավել վտանգավոր տեսակ՝ նախատեսել առավել խիստ պատասխանատվության միջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ (ահաբեկչություն), 2171-րդ (ահաբեկչության ֆինանսավորում) կամ 389-րդ (միջազգային ահաբեկչություն) հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարելու հրապարակային կոչերի, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար,եթե առաջացրել է այդ հանցանքերը կատարելու իրական վտանգ»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, ահաբեկչական գործողությունների կատարմանն ուղղված հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմեր ունենալու պետությունների որդեգրած հիշյալ քաղաքականությունը բխում է նաեւ «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջից:

Զեյնալյանը նշեց, որ կկիրառվեն տուգանքներ նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանք` երկուսից երեք ամիս ժամկետով, ինչպես նաեւ ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով: