Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի հետ որեւէ տարաձայնություն չկա, կար տարընթերցում, որը խմբագրական բնույթի էր եւ շտկվել է։ Նման հայտարարություն այսօր՝ փետրվարի 10-ին կատարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։
Նրա խոսքով՝ «Հավաքների ազատության մասին» օրենքի նախագիծը արժանացել է կառավարության դրական եզրակացությանը, եւ կուղարկվի Ազգային Ժողով։ Այն հարցին, թե հատկապես ի՞նչն էր դարձել տարընթերցման պատճառ, Հ. Թովմասյանը խուսափողական պատասխան տվեց։
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին կառավարության նիստի ժամանակ վեճ ծագեց ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի եւ արդարադատության նախարար Հ. Թովմասյանի միջեւ։
«Այդ եվրոպացի փորձագետնե՞րը պետք է մեզ հուշեն, թե հանրահավաքների ժամանակ ազգային անվտանգությունն ու ոստիկանությունը իրենց ինչպես պահեն»,- հայտարարել էր Գ. Հակոբյանը՝ «Հավաքների ազատության մասին» օրենքի նախագիծը քննարկելու ժամանակ։




























