Ոստիկանական համակարգում կատարվող կադրային փոփոխությունները քաղաքական ենթատեքստ չունեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին  կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։

«Ավելի հմուտ աշխատակիցների ենք նշանակել, ովքեր տվյալ տարածքներին ավելի լավ ծանոթ են»,- ասաց ոստիկանապետը։ Նրա մեկնաբանմամբ՝ Կոտայքի նորանշանակ ոստիկանապետը երկար տարիներ իր գործունեթյունը ծավալել է հենց Կոտայքի մարզում։ Արագածոտնի մարզում ոստիկանապետ է նշանակվել մի մարդ, ով երկար ժամանակ այդ մարզում եղել է վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։

Նշենք, որ ոստիկանության համակարգում օրերս կատարվել են կադրային տեղաշարժեր։ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ոստիկանության գնդապետ, Կոտայքի մարզային վարչության պետ Իշխան Իշխանյանը:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության գնդապետ Գրիշա Բադալյանն ազատվել է Արագածոտնի մարզային ոստիկանապետի պաշտոնից եւ նշանակվել Իշխանյանի տեղում:

Գնդապետ Մարգար Մելքոնյանը ազատվել է Արարատի մարզի ոստիկանապետի պաշտոնից եւ նշանակվել Արագածոտնի մարզի ոստիկանապետ: